Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին դիմել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ խնդրելով ճանապարհ բացել Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կրասնոսելսկին Մոսկվա կատարած այցից հետո ասել է, որ մոտ ապագայում ռուսական գազը կհասնի Մերձդնեստր։ Մոլդովական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Natural Gaz D.C մասնավոր ընկերությունը շրջանակային համաձայնագիր է ստորագրել Tiraspoltransgaz ձեռնարկության հետ՝ Մերձդնեստրին գազ մատակարարելու համար: Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչեան ավելի վաղ ասել էր, որ «Մոլդովագազը» միակ ընկերությունն է, որը լիազորված է բնական գազ մատակարարել դեպի Մերձդնեստր։
«Տիկին Սանդու, փրկեք հանրությանը մոլդովացի պաշտոնյաների անօգուտ հռետորաբանությունից և կատարեք այն, ինչ խոստացել եք՝ ճանապարհ բացեք Մերձդնեստրի գազամատակարարման համար», - ասել է Կրասնոսելսկին։