Վերլուծություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը լավ նախաձեռնություն է, բայց իրագործման ճանապարհին կան լուրջ խոչընդոտներ. քաղաքագետի վերլուծությունը

4 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ»-ը լավ նախաձեռնություն է, բայց իրագործման ճանապարհին կան լուրջ խոչընդոտներ. քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավկովկասյան տարածաշրջանը շարունակում է մնալ մոլորակի ամենաթեժ կետերից մեկը, ու թեև այս պահին ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, բայց զգացվում է, որ այստեղ հատվում են մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների շահերը, որոնցից յուրաքանչյուրը փորձում է ուժեղացնել իր դիրքերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա իրավիճակին և այդ համատեքստում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կենսունակության հարցին։ 

«Այժմ ամենադրամատիկ իրադարձությունները տեղի են ունենում Վրաստանում, որտեղ բողոքի ցույցերը չեն դադարում, իշխանությունները հայտնվել են միջազգային մեկուսացման մեջ, քանի որ Արևմուտքը չի ընդունում Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Թվում է՝ այս իրավիճակն ավելի է խորացնելու առանց այդ էլ Վրաստանի օր օրի վատացող քաղաքական և տնտեսական ճգնաժամը։ Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին հանգիստ են, բայց դա կարող է ժամանակավոր լինել։ 2025 թվականին հնարավոր են սրացումներ»,- ասաց Վարդանյանը։ 

Անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններին, որ իրենց մոտ տեղի ունեցող իրադարձություններից մեծապես կախված է նաև Հայաստանի զարգացման հեռանկարն ու ճակատագիրը՝ քաղաքագետը համաձայնեց, որ դրանում կա ճշմարտության բաղադրիչ։

«Եթե Հայաստանն ուզում է ապագայում միանալ Եվրամիությանը և գնալ դեպի Եվրոպա, ապա մեզ համար ցանկալի է, որ Վրաստանի իշխանությունները նույնպես գործեն այդ ուղղությամբ՝ լինելով եվրոպամետ, բայց եթե նրանք կապերը խզեն Արևմուտքի հետ, ապա Հայաստանի եվրոպական ապագան նույնպես կդառնա մշուշոտ»,- ասաց քաղաքագետը։ 

Վարդանյանի դիտարկմամբ՝ 2025 թվականին դժվար թե կնքվի խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որովհետև 2021 թվականից սկսած, երբ հարցը մտավ օրակարգ, պարզ էր, որ պայմանագրի ստորագրման հարցում կան էական խոչընդոտներ, քանի որ ադրբեջանական կողմը տարբեր կերպ փորձում է ձգձգել դրա ստորագրումը։ Քաղաքագետի կարծիքով՝ կա երկու պատճառ. առաջինն այն է, որ Ադրբեջանը ՌԴ-ին խոստացել է չստորագրել որևէ փաստաթուղթ հատկապես Արևմուտքի հովանու ներքո, իսկ երկրորդ պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին համարում է թույլ կողմ և փորձում է նրանից ինչ-որ զիջումներ կորզել։ 

Խոսելով պաշտոնական Երևանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ Վարդանյանն ընդգծեց, որ թեև այն իր էությամբ լավ նախաձեռնություն է, սակայն իրագործման ճանապարհին կան լուրջ խոչընդոտներ։

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից պահանջում են միջանցք՝ իրենց պայմաններով, Ռուսաստանն էլ իր հերթին ցանկանում է վերահսկողություն հաստատել այդ հատվածի վրա։ Այդ ամենը չի բխում Հայաստանի շահերից։ Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է ակտիվորեն աշխատի դաշնակիցների հետ՝ իր անվտանգության մակարդակն ավելի բարձրացնելու համար։ Մեր թիվ մեկ խնդիրը ռազմական բալանսի վերականգնումն է, և քանի որ այն խախտված է, հենց այդ պատճառով էլ Ալիևը դրսևորում է նման հղփացած կեցվածք։ Եթե բալանսը վերականգնվի, Ադրբեջանի ղեկավարը կչափավորի իր հայտարարությունները և հերթական անգամ խոսելուց առաջ մի քանի անգամ կմտածի»,- եզրափակեց քաղաքագետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում