Մշակույթ

Պաշտամունքային որոշ կառույցների օտարումը նախատեսվում է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ

2 րոպեի ընթերցում

Պաշտամունքային որոշ կառույցների օտարումը նախատեսվում է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ

Հայաստանի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է օրենքի նախագիծ, որի համաձայն հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված պաշտամունքային կառույցները ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գլխադասային հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացրեց նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը և սեփականության իրավունքի մասին վկայող փաստաթղթի պատճենը:  

Որպես կարգավորում՝ նախատեսվել է Հայաստանի Հանրապետության իրավունքը՝ համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու գործարքի վերաբերյալ:

Ըստ նախագծի հեղինակների՝ նման կարգավորման միջոցով մի կողմից երաշխավորվել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից պետության հնարավորությունը՝ համաձայնություն տալու կամ մերժելու գույքն օտարելու գործարքը՝ հաշվի առնելով այդ գույքերի՝ պետության և  հասարակության համար մշակութային, հոգևոր-կրոնական, պատմական կամ այլ արժեքավոր նշանակությունը և այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում