Հնարավոր են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ. իրանագետը՝ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի մասին

8 րոպեի ընթերցում

Իրանագետ Ժաննա Վարդանյանն անդրադարձել է Իրանում արդեն ավելի քան 10 օր տևող բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին տնտեսական խնդիրների և ազգային արժույթի արժեզրկման պատճառով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Իրանում ցույցեր բավականին հաճախ են տեղի ունենում, նույնիսկ տարվա կտրվածքով մի քանի անգամ, և այդ ցույցերը տարբերվում են իրենց ձևաչափերով, ծավալներով և ուժգնությամբ, ուստի ցույցերի բռնկումն, ինքնին, նոր երևույթ չէ Իրանում, պարզապես պետք է ելակետ ընդունել այն հանգամանքը, թե ինչ դրդապատճառներ ունեն այդ զանգվածային ակցիաները։    

 «Նախկինում, օրինակ, եղել են բողոքի ցույցեր՝ կապված թոշակների, ջրի, էլեկտրաէներգիայի և այլ խնդիրների հետ, որոնք հիմնականում կրել են լոկալ բնույթ, երկար չեն տևել ու հեշտ են մարել։ Իհարկե, եղել են նաև ավելի խոշոր ակցիաներ, որոնք ունեցել են ծանր հետևանքներ՝ հանգեցնելով մարդկային զոհերի ու ձերբակալությունների։ Այդպիսի ցույցեր տեղի ունեցան, օրինակ, 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում։ Նման իրավիճակ առաջացավ նաև 2019 թվականին, երբ գրանցվեց բենզինի գնի աճ։ Վերջին ամենամասշտաբային ցույցերը կայացել էին 2022 թվականին, որոնք տևել էին երեք ամիս և ընդգրկվածությամբ ու օրակարգով իսկապես աննախադեպ էին ու ցնցող»,- ասաց իրանագետը։

Վարդանյանի դիտարկմամբ՝ փաստացի երեք տարի հետո տեղի ունեցող բողոքի ցույցերը նույնպես առանձնանում են մեծ մասշտաբներով, որոնց համար շարժառիթ է հանդիսացել իրանական ռիալի կտրուկ արժեզրկումը։  

«Ամերիկյան մեկ դոլարն այժմ համարժեք է իրանական 1 միլիոն 420 հազար ռիալին։ Ընդ որում, արժեզրկման գործընթացը վերջին ամիսներին արդեն իսկ սկսվել էր։ Նախորդ տարվա մարտին արժեզրկումը հատեց 1 միլիոն ռիալի սահմանագիծը, և ի վերջո բարձրակետը գրանցվեց դեկտեմբերին։ Փաստացի դա խթան հանդիսացավ, որպեսզի մարդիկ նորից դուրս գան ցույցերի։ Սկզբում բողոքում էին վաճառականները, իսկ հետո նրանց միացան հասարակության մյուս խավերի ներկայացուցիչները։ Ցույցերի ժամանակ հնչում են տարատեսակ կարգախոսներ, որոնցից որոշներն, ինչպես նախկինում, ուղղված են նաև քաղաքական համակարգի դեմ։ Ելակետ պետք է լինի այն, որ Իրանում իսկապես կա հանրային դժգոհություն՝ ներառելով հասարակության ամենատարբեր շերտերը, որոնցից յուրաքանչյուրը փաստացի առաջ է քաշում իր բողոքը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։  

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Իրանի իշխանությունների կարծիքով՝ ցուցարարների պահանջներն ընդունելի են, հետևաբար իրենք հայտնել են տնտեսական նոր միջոցառումներ իրականացնելու մասին, իրանագետը նկատեց, որ նման քայլեր իսկապես ձեռնարկվել են։   

«Դեռ 2022 թվականին տեղի ունեցած ցույցերի հետևանքներից մեկն այն էր, որ իշխանությունները հանրության նկատմամբ դարձան ավելի զգուշավոր, որպեսզի չբորբոքեն զանգվածային բողոքի ալիքը։ Հիմա էլ Իրանի իշխանությունների հռետորաբանությունը հենց այդ տրամաբանության մեջ է, այսինքն՝ փորձ է արվում իրավիճակն ավելի չսրել և ստեղծել երկխոսության հնարավորություն՝ ցույցերը պահելով կառավարելիության շրջանակում։ Իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են լսել մարդկանց, ուստի ձգտում են ստեղծել կառուցողական մթնոլորտ»,- ասաց իրանագետը։  

Վարդանյանը հիշեցրեց, որ հարևան երկրի կառավարությունը հաստատել է արտոնյալ փոխարժեքի սահմանափակում։ Նման քայլ արվել էր նաև ազգային տարադրամի նախորդիվ տեղի ունեցած արժեզրկումների ժամանակ, ինչն արվել է առաջնային նշանակության ապրանքների՝ պարենամթերքի ու դեղորայքի գնման համար։ Բայց այսօր նույնիսկ առաջնային նշանակության ապրանքների ցանկն է կրճատվել, ուստի կառավարությունը փորձում է սուբսիդիաների ու նպաստների միջոցով մեղմել սոցիալական ծանր իրավիճակը։

«Առաջնային նշանակության պարենամթերքի գնաճի ֆոնին իշխանությունները շրջանառել են մի ծրագիր, որի համաձայն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվելու է 1 միլիոն թումանի էլեկտրոնային կուպոն, որով հնարավոր կլինի հանրախանութներում առևտուր անել։ Այդ կերպ փորձ է արվում նպաստել հանրության գնողունակության պահպանմանը»,- ասաց Վարդանյանը։

Խոսելով արտաքին դերակատարների կողմից Իրանում տիրող իրավիճակին միջամտելու հավանականությանը՝ իրանագետն ընդգծեց, որ նման վտանգ միշտ էլ եղել է, քանի որ արտաքին դերակատարները փորձել են Իրանում ցույցերի տեսքով ցանկացած իրադարձություն օգտագործել՝ երկրում համակարգային փոփոխությունների հասնելու համար։  

«Այս օրերին նույնպես արտաքին դերակատարների ակտիվությունն ակնառու է։ Օրինակ՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին։ Թրամփը նույնիսկ սպառնացել է միջամտել, եթե ցուցարարների դեմ ուժ կիրառվի։ Այլ հարց է, թե սպառնալիքներն ինչ աստիճանի կհասնեն և որքանով գործնական բնույթ կստանան։ Արդյոք Իրանին հարվածներ հասցնելու տեսքով հնարավոր գործողություններ կլինե՞ն։ Միանշանակ է, որ հենց այդ առումով տեղի իշխանությունները ցուցաբերում են զգուշավորություն՝ փորձելով ներքին ռեսուրսների միջոցով հանդարտեցնել իրավիճակն ու այդ կերպ զրկել արտաքին դերակատարներին միջամտելու հնարավորությունից»,- ասաց մեր զրուցակիցը։  

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել ամերիկյան միջամտությունից հետո, իրանագետը նշեց, որ դժվար է ասել, թե այդ սցենարն ինչի կհանգեցնի, որովհետև նախ պետք է հասկանալ, թե այդ սցենարն ինչ է ենթադրում, ինչ գործողությունների տեսքով է լինելու, ինչ հարվածների մասին է խոսքը և որ թիրախներին են հնարավոր հարվածները հասցվելու։

«Հնարավոր են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, սակայն դրանց իրականացումը կախված է այն հանգամանքից, թե հնարավոր ինչ գործողություններ կձեռնարկվեն։ Մի բան հստակ է, որ այս պարագայում գործ ունենք անկանխատեսելիության հետ, ինչն էլ ստեղծված իրավիճակում ավելի անորոշ է դարձնում զարգացումների հանգուցալուծումը»,- եզրափակեց Վարդանյանը։           

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, երբ խանութպանները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման դեմ։ Ավելի ուշ ցուցարարներին են միացել նաև ուսանողները, և բողոքի ակցիաները տարածվել են տարբեր քաղաքներում։  

Մարդու իրավունքների պաշտպանության խումբը հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ ։

Իրանի 31 նահանգներից 27-ում տարածված բողոքի ցույցերի ընթացքում գրանցված  անկարգությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 60 ցուցարար, 2076-ը՝ ձերբակալվել։   

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են. նրանք հայտնել են տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին:

Իրանում խոստացել են կոշտ արձագանքել երկրի ներքին գործերին միջամտությանը։ 

Հայերեն فارسی Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում