Եվրոպա

Գերմանիան, Ռումինիան և Խորվաթիան զորքեր չեն տեղակայի Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Գերմանիան, Ռումինիան և Խորվաթիան զորքեր չեն տեղակայի Ուկրաինայում

Ռումինիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա: Դա հաստատել է նախագահ Նիկուշոր Դանը Փարիզում Ռումինիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «Կամեցողների կոալիցիայի» անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ռումինիան պարտավորվել է…. տրամադրել ոչ թե զորքեր Ուկրաինայում, այլ լոգիստիկ աջակցություն, ուկրաինացի զինվորականների պատրաստում Ռումինիայում կամ այլ եվրոպական երկրներում՝ համապատասխան երկրների բանակների հետ համագործակցությամբ, մասնակցություն սպառազինության համատեղ ծրագրերին», - ասել է Ռումինիայի նախագահը:

Նա նաև հայտարարել է, որ Կամպիա Տուրզիի 71-րդ ավիաբազայում Ուկրաինային աջակցության լոգիստիկ կենտրոնն «արդեն գործում է»։

Միևնույն ժամանակ, Զագրեբը նույնպես մտադիր չէ  խորվաթական զորախումբ ուղարկել Ուկրաինայի տարածք նույնիսկ հրադադարի համաձայնագրի ձեռքբերումից հետո: Այդ մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն՝ ամփոփելով Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» նիստի արդյունքները:

Իր հերթին, ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, իր երկիրը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինայի աջակցության բազմազգ ուժերին մասնակցելու համար, սակայն դրանք տեղակայել Ուկրաինայի տարածքում հակամարտության ավարտից հետո չի պլանավորում։

«Գերմանիան պատրաստ է օգնել քաղաքական, ֆինանսական,  ռազմական մակարդակներում։ Դա կարող է ներառել, օրինակ, Ուկրաինային հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում զորքերի տեղակայում հրադադարից հետո», - մեջբերել է նրա խոսքը ֆրանսիական Figaro թերթը։

Ավելի վաղ «Կամեցողների կոալիցիայի» նիստից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել են հռչակագիր հակամարտության ավարտից հետո Ուկրաինայում զորախումբ տեղակայելու մտադրության մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում