Ջորջ Քլունին և նրա ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել
2 րոպեի ընթերցում

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին և նրա կինն ու երկու երեխաները Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության պարբերականում հրապարակված պաշտոնական հրամանը։
Ավելի վաղ Քլունին ֆրանսիական RTL ռադիոյի հետ հարցազրույցում նշել էր, որ սիրում է ֆրանսիական մշակույթը, լեզուն՝ չնայած դեռ վատ է խոսում «400 օրվա դասընթացներից հետո»։
«Այստեղ երեխաներին չեն լուսանկարում։ Դպրոցի դարպասների մոտ պապարացիներ չկան թաքնված։ Դա մեզ համար շատ կարևոր է», - նշել է նա։
Քլունին RTL-ին նաև ասել է, որ չնայած իր ընտանիքը հաճախ է ճանապարհորդում, սակայն Ֆրանսիայում գտնվող իրենց տունն այն վայրն է, «որտեղ մենք ամենաերջանիկն ենք»։
Այժմ Քլունին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երկքաղաքացի է։ Նա Եվրոպայի հետ վաղուց է կապված. նրա կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, որի հետ ամուսնացել է 2014 թվականին, բրիտանացի-լիբանանցի է։ 2002 թվականին նա առանձնատուն է գնել Իտալիայի Կոմոյի լճի մերձակայքում, այնուհետև կնոջ հետ պատմական կալվածք է գնել Անգլիայում։
Նրանք նաև 2021 թվականին սեփականություն են գնել Ֆրանսիայի հարավում՝ Բրինյոլ գյուղի մոտ. դա նախկին գինեգործական կալվածք է, որը կոչվում է Domaine du Canadel։
Քլունիները նաև ունեն բնակարան Նյու Յորքում և անշարժ գույք Կենտուկիում, բայց, ըստ որոշ տեղեկությունների, վերջին տասնամյակում վաճառել են իրենց տները Լոս Անջելեսում և Մեքսիկայում։
Քլունին միակ Հոլիվուդյան աստղը չէ, որը ձգտում է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալ։ Ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշն օրերս France Inter ռադիոյին ասել է, որ ինքը նույնպես պատրաստվում է դիմել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար։