Զորամասերում նախատոնական տրամադրություն է. զինվորականները սպասումներով և հույսերով դիմավորում են Ամանորը
3 րոպեի ընթերցում
Ավանդույթի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպեց լրագրողների տարեմուտի այց զորամասեր՝ տեղում ծանոթանալու զինվորականների առօրյային, մարտական հերթապահության պայմաններին և Ամանորի նախապատրաստական աշխատանքներին։
«Արմենպրես»-ի ստեղծագործական խումբն այցի շրջանակում նախատոնական նկարահանումներ իրականացրեց ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում։
Զիվորականները բարձր տրամադրությամբ պատրաստվում են դիմավորել սպասված տոնը, որի հետ կապում են մեծ հույսեր, ունեն ակնկալիքներ և սպասումներ, ինչպես նաև իրենց բարեմաղթանքներն են հղում հարազատներին, բարեկամներին ու հայ ժողովրդին։
Ծառայությունը կազմակերպվում է օրվա կարգացուցակի, հրամանների, կարգադրությունների ու հրահանգների համաձայն։ Առօրյա ծառայության ընթացքում անձնակազմը զբաղված է մարտական պատրաստության պարապմունքներով և նախապատրաստվում է տոնական միջոցառումներին։
Մարտական հերթապահություն իրականացնող զինվորականները դիրքեր այցելած լրագրողներին վստահեցրին, որ պետական սահմանին իրավիճակը լարված չէ, տիրում է խաղաղություն, բայց նույնիսկ այդ պարագայում մեր զինվորականների զգոնությունը ոչ մի ակնթարթ չի թուլանում։
Զորամասի հրամանատար, գնդապետ Տիգրան Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ տոնական օրերը զինծառայության տեսանկյունից առանձնապես չեն տարբերվում սովորական օրերից, նույնիսկ ավելի է բարձրացվում զգոնությունը և վերակարգերում ու մարտական հերթապահություններում ներգրավվում են առավել լավ պատրաստված զինծառայողները։
«Տոնական միջոցառումներին ընդառաջ՝ զարդարում ենք զորանոցները, ննջարաններն ու ճաշարանները, որպեսզի զինվորականների առօրյան փոքր-ինչ տարբերվի օրվա կարգացուցակի մնացած միջոցառումներից։ Մասնավորապես, նոր տարվա գիշերը հրամանատարությունն այցելում է մարտական դիրքեր, շնորհավորում է ենթակա զինծառայողներին՝ մաղթելով բարի, խաղաղ և անփորձանք ծառայություն։ Զորամասում նույնպես անձնակազմը բարձր տրամադրությամբ նշում է սպասված տոնը»,- ասաց զորամասի հրամանատարը։
Նա տեղեկացրեց, որ զինվորականների ատեստավորման գործընթացը շարունակվում է բնականոն հունով։ Ատեստացիա անցած զինծառայողների կյանքում տեղի են ունենում սոցիալական բնույթի մեծ փոփոխություններ։ Գնդապետը հավաստիացրեց, որ զորամասի անձնակազմի զգալի մասն արդեն ատեստավորվել է։ Մեծ թիվ են կազմում նաև այն զինվորականները, ովքեր հանդիսանում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու և գոհ են իրենց ծառայությունից։ Դիմողների թիվը գնալով շատանում է։
«Ամանորի կապակցությամբ մաղթում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես տիրի խաղաղություն։ Այն խնդիրները, որոնք առաջադրված են մեզ, պատրաստ ենք ծառայության ընթացքում լուծել ամենաբարձր մակարդակով»,- ասաց զորամասի հրամանատարը։