Podcast-Հարց բժշկին. տոնական հրավառությունների անդառնալի հետևանքները. ինչպես զերծ մնալ վնասվածքներից
4 րոպեի ընթերցում

Շատերն ամանորյա բարձր տրամադրությունն ու տոնական միջոցառումները չեն պատկերացնում առանց տարատեսակ հրավառությունների ու պայթուցիկ նյութերի: Սակայն դրանք միշտ չէ, որ անվտանգ են և հաճախ կարող են ծանր վնասվածքների պատճառ հանդիսանալ:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանի հետ:

«Ամանորի օրերին հիվանդանոցներում զգալիորեն ավելանում է հրավառություններից և պայթուցիկներից առաջացած տրավմաներով պացիենտների հոսքը: Ամենաթեժ և բարդ գիշերը հենց Նոր տարվա գիշերն է. կեսգիշերից սկսած՝ ժամը 00:15-ից արդեն իսկ նկատվում է հիվանդների մեծ հոսք հատկապես միկրովիրաբուժական և տրավմատոլոգիայի բաժանմունքներում»,- նշեց Արտյոմ Նավոյանը:
Բժշկի խոսքով՝ վնասվածքների տեսակները խիստ տարբեր են և կախված են նրանից, թե պայթյունը որտեղ է տեղի ունեցել՝ հենց ձեռքի մեջ, թե մարմնի այլ հատվածներին, օրինակ՝ դեմքին կամ գլխին մոտ տարածության վրա:
Ըստ մասնագետի՝ առաջին րոպեները վնասվածքների դեպքում չափազանց կարևոր են.
«Նախ պետք է անհապաղ դադարեցնել արյունահոսությունը, անհրաժեշտության դեպքում կիրառել տուրնիկետ, ապահովել ցավազրկում և հնարավորինս արագ տեղափոխել տուժածին հիվանդանոց։ Ժողովրդական մեթոդների կիրառումը կարող է խորացնել վնասվածքը և բարդացնել հետագա բուժումը։
Նույնիսկ թեթև այտուցի կամ փոքր այրվածքի դեպքում մասնագետին դիմելը պարտադիր է։ Արտաքուստ աննշան վնասվածքը կարող է ուղեկցվել խորքային վնասմամբ, որը ժամանակի ընթացքում կհանգեցնի լուրջ հետևանքների»,- նշեց մասնագետը:
Վնասվածքների աստիճանը տատանվում է թեթև քերծվածքներից մինչև ծանր անդամահատումներ: Բժիշկը մտահոգություն հայտնեց, որ տարեցտարի պայթուցիկների հզորությունն ու որակը փոխվում է, ինչի պատճառով տրավմաները դառնում են ավելի բարդ ու անդառնալի:
Ըստ նրա՝ ֆիզիկական վնասվածքներին հաճախ միանում են նաև հոգեբանական խնդիրները։ Պայթյունի ձայնը, վիրահատությունները կամ մարմնի որևէ մասի կորուստը կարող է առաջացնել վախ, սթրես և հոգեբանական ծանր վիճակ։ Այդ պատճառով բուժման գործընթացում վիրաբույժների հետ համատեղ աշխատում են նաև հոգեբանները։
Անդրադառնալով այն հարցին, թե որ տարիքային խմբերն են ավելի հաճախ տուժում՝ բժիշկը նշում է, որ հստակ առանձնացում չկա: Տոնական գիշերը պայթուցիկների զոհ կարող են դառնալ բոլորը՝ թե՛ տարեցները, թե՛ երիտասարդները: Մասնագետը փաստեց, որ իրենց պրակտիկայում ամենափոքր պացիենտը եղել է ընդամենը 6-7 տարեկան երեխա, իսկ ամենատարեցը՝ մոտ 65 տարեկան տղամարդ:
«Սա վկայում է այն մասին, որ զգոնությունը պետք է պահպանել ցանկացած տարիքում, քանի որ մեկ վայրկյանի անզգուշությունը կարող է փոխել ամբողջ կյանքը»:
Բժիշկ Նավոյանը խորհուրդ է տալիս ընդհանրապես խուսափել հրավառություններից։ Եթե դրանք, այնուամենայնիվ, կիրառվում են, անհրաժեշտ է պահպանել անվտանգ հեռավորություն, երեխաներին պահել հեռու և խստորեն հետևել ցուցումներին՝ չդարձնելով տոնական մի քանի րոպեները կյանքի համար ճակատագրական։ Ըստ նրա՝ հատկապես վտանգավոր է երեխային գրկած հրավառություն գործարկելը:
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
