Մարզեր

Այգուտի «Արմաթ»-ի սաները նոր հաղթանակներ են գրանցել Սինգապուրում կայացած միջազգային օլիմպիադայում և համահայկական մրցույթում

4 րոպեի ընթերցում

Այգուտի «Արմաթ»-ի սաները նոր հաղթանակներ են գրանցել Սինգապուրում կայացած միջազգային օլիմպիադայում և համահայկական մրցույթում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» աշխատանոցի սաները նոր հաղթանակներ են գրանցել Սինգապուրում կայացած միջազգային օլիմպիադայում և Երևանում կայացած համահայկական մրցույթում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Այգուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի խմբի ղեկավար և մարզիչ Շահեն Արաբաչյանը, վերջերս Այգուտի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի սաներ Գրիգոր Խոջայանը, Արարատ Բայանդուրյանը և Երևանի թիվ 131 դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Վահե Գաբրիելյանը Սինգապուրում մասնակցել են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային և «Ապագա նորարարներ» անվանակարգի կրտսեր տարիքային խմբում ստացել «Արծաթե հավաստագիր»։ 

Այս հաջողությանը հաջորդել է հաղթանակը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված ամենամյա «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական մրցույթում, որտեղ  «Տեխնոլոգիաներ և նորարարություններ» անվանակարգում Այգուտի «Արմաթ»-ի սաներ Մանե Հակոբյանը, Գրիգոր Խոջայանը և Արարատ Բայանդուրյանը ճանաչվել են հաղթող։ Մրցանակաբաշխությունը կայացել է  2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ 

«Թե՛ Սինգապուրում, թե՛ Երևանում  մեր սաների կողմից ներկայացվել է «Գազատար խողովակից գազի արտահոսք գտնող ինքնավար ռոբոտ» նախագիծը։  Վերջին մեկ տարվա ընթացքում Այգուտի «Արմաթ» Ճարտարագիտական աշխատանոցի սաների հետ մասնակցել ենք 3 միջազգային մրցույթի, «FirstRobotiks» և «WRO» ռոբոտաշինության միջազգային մրցույթներին, որոնցից «FirstRobotiks» մրցույթին մասնակցել ենք ԱՄՆ-ում, իսկ «WRO» (ռոբոտների համաշխարհային օլիմպիադա) բաց առաջնությանը մասնակցել ենք Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում, այս տարվա սեպտեմբերի 3-5-ին։ Վերջին՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց առաջնությանը մեր խմբակի 2 և Երևանի թիվ 131 դպրոցի «Արմաթ»-ի մեկ սան ներկայացան «Ապագա նորարարներ» անվանակարգում՝ կրտսեր տարիքային խմբում, որի շրջանակներում ներկայացրինք մի ռոբոտասարք, որը կարողանում է ամրացվել գազատար խողովակին, և , շարժվելով գազատար խողովակի երկայնքով, փնտրում է գազի արտահոսք, որը  հայտնաբերելու դեպքում կանգ է առնում, արձակում զգուշացնող բարձր ձայնային ազդանշան և ուղարկում է SMS հաղորդագրություն ռոբոտը սպասարկող մասնագետին կամ գազի վթարային ծառայության աշխատակցին, ինչից հետո մասնագետը կարողանում է GPS համակարգի միջոցով իմանալ, թև որտեղ է գտնվում ռոբոտը  և մոտենում է՝ վթարված գազատար խողովակը նորոգելու։ Միջազգային այդ ստուգատեսում՝ կրտսեր տարիքային խմբում, մեր սաները գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը՝ ստանալով Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր, որտեղ ևս կարողացան արդարացնել մեր սպասելիքները»,-ներկայացրեց Շահեն Արաբաչյանը։

Այգուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցն իր գործունեությունը սկսել է 2018 թվականի հունվարից ու էական արդյունքներ է գրանցում միջազգային և հանրապետական ստուգատեսներում։ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցում սովորում են  13 սան։ «Արմաթ»-ը արտադասարանական խմբակ է, որտեղ ստանում են համընդհանուր ճարտարագիտական կրթություն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում