Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին կմիանա ԿԳՄՍՆ ենթակայության ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման և լավարկման փաթեթը: Ըստ այդմ՝ համակարգին կմիանա ևս 18 մասնաճյուղ-թանգարան՝ համապատասխան սարքավորումներով:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ արդյունքում ամբողջական կդառնան տոմսային տնտեսությանը միացած ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանները:
Դեռևս 2023 թվականի նոյեմբերին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում ներդրվել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագիրը: Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառք, մուտքի հասանելիության վերահսկում և կառավարում:
Ծրագրին միացած է նախարարության ենթակայության 19 թանգարան:
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:
Ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները և ապահովել հաշվետվողականություն պետության և հանրության առաջ, ինչպես նաև ապահովել ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում, հաշվետվություն: Ծրագիրը թանգարանային համակարգը դարձնում է ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող:
Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանների տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև օնլայն: