2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշգաբաթում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, այդ թվում էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։ Նախորդ տարի առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով, իսկ 2025 թվականի առաջին երեք եռամսյակներում՝ ևս ութ տոկոսով.
Պուտինը նշել է, որ Մոսկվան աջակցում է Թեհրանի միջուկային ծրագրին.
«Մենք սերտ կապի մեջ ենք բոլոր կարևոր միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի շուրջ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք աջակցում ենք Իրանին ՄԱԿ-ում»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նաև խնդրել է Իրանի նախագահին իր լավագույն մաղթանքները փոխանցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։
Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին միջազգային ասպարեզում Իրանին ցուցաբերած աջակցության համար։
«Համապարփակ ռազմավարական համաձայնագրի շրջանակներում մենք պարտավորվում ենք իրականացնել բոլոր պայմանավորվածությունները»,- նշել է նա։
Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրվել է տարեսկզբին, որով երկու երկրները հաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը։