Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանի հետ քննարկել է ընտրությունների անցկացման ուղիները

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանի հետ քննարկել է ընտրությունների անցկացման ուղիները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանի հետ քննարկել է ընտրությունների անցկացման հնարավորության հետ կապված իրավական և այլ հարցեր ու կոչ է արել այլ երկրներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, ճնշում չգործադրել այս հարցի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այդ մասին հայտնել է իր տեսաուղերձի ժամանակ։ 

Ուկրաինայի նախագահը նշել է, որ հիմնավոր քննարկում է ունեցել խորհրդարանի անդամների հետ՝ հավելելով, որ թույլ չի տա ոչ մի շահարկում Ուկրաինայի դեմ։

«Եթե գործընկերները, այդ թվում՝ մեր հիմնական գործընկերը Վաշինգտոնում, այդքան շատ և այդքան կոնկրետ խոսում են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների, ռազմական դրության պայմաններում ընտրությունների մասին, ապա մենք պետք է իրավական ուկրաինական պատասխաններ տանք յուրաքանչյուր հարցի և յուրաքանչյուր կասկածի», - նշել է նա։

«Դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումը մեզ անկասկած անհրաժեշտ չէ։ Ես ակնկալում եմ, որ խորհրդարանի անդամները կներկայացնեն իրենց տեսակետները։ Անվտանգության մարտահրավերները կախված են գործընկերներից, առաջին հերթին՝ Ամերիկայից։ Քաղաքական և իրավական մարտահրավերներին պետք է պատասխան տա Ուկրաինան։ Եվ դրանք կլինեն», - ասել է Զելենսկին։ 

Զելենսկին վերջին օրերին հայտարարել էր, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել երեք ամսվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը և Կիևի մյուս դաշնակիցները կարողանան ապահովել քվեարկության անվտանգությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ուկրաինայի կառավարությունն օգտագործում է պատերազմը որպես պատրվակ՝ ընտրություններից խուսափելու համար։ Նա շեշտել էր ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում