Քաղաքականություն

Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն՝ ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ. Նիլակշի Սահա Սինհա

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն՝ ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ. Նիլակշի Սահա Սինհա

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը եւ Նարեկ Բաբայանը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Երկկողմ կապերի սերտացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի արգասաբեր աշխատանքը:

Բարեկամական խմբի անդամները խոսել են տարածաշրջանային զարգացումներից, անդրադարձել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմանը: Կարեւորվել է մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծումը, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց անհապաղ ազատ արձակումը:

Կողմերը համակարծիք են եղել, որ մասնավորապես՝ տնտեսական, պաշտպանության, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունից, կարեւորել հաճախակի փոխայցերը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Նիլակշի Սահա Սինհան ընդգծել է. 

«Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն՝ ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում