Թուրքիան իսկապես շահագրգռված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր. Սաֆրաստյան

7 րոպեի ընթերցում

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այն կարծիքին է, որ Հարավային Կովկասն այժմ գտնվում է այն փուլում, որ պետք է ավելի բացվի աշխարհի համար, ուստի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն իսկապես այդ գործընթացի կարևոր մասն է։      

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին և այն գործոններին, որոնք անմիջական ազդեցություն ունեն այդ գործընթացի վրա։  

«Թուրքիայի ղեկավարությունն, իհարկե, կողմ է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ունենա դրական հանգուցալուծում, քանի որ դա օգուտ է բերելու Անկարային, առավել ևս, որ հարևան երկրի կառավարության կարևոր, ռազմավարական նպատակն է Թուրքիան դարձնել կոմունիկացիոն հաբ Արևմուտքի և Արևելքի միջև։ Այդ եղանակով Անկարան հնարավորություն կստանա նաև անխոչընդոտ հաղորդակցվել Կենտրոնական Ասիայի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հարևան երկրում դիտարկվում է առաջին հերթին իրենց շահի տեսանկյունից»,- ասաց Սաֆրաստյանը։ 

Նրա կարծիքով՝ կա նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հանգամանքը, որն անմիջականորեն կապված է վերոհիշյալ խնդրի հետ։ 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի բացման գործընթացը կմեկնարկի միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Թուրքիան կհետևի այդ դիրքորոշմանը և չի փոխի իր մոտեցումը։ Այդուհանդերձ, Թուրքիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում իր դիրքերը նոր ստեղծված իրավիճակում ավելի ամրանան և թղթի վրա տեսանելի դառնան։ Անկարայում գիտակցում են, որ մեր տարածաշրջանում վերջին տարիներին թուլացել է Ռուսաստանի ազդեցությունը և մեծացել է Թուրքիայի դերակատարումը, հետևաբար թուրքական կողմին ձեռնտու է, որ հնարավորինս արագ ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսված խաղաղության պայմանագիրը»,- մեկնաբանեց Սաֆրաստյանը։ 

Թուրքագետի կարծիքով՝ թեև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան կսկսի շոշափելի քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման ու սահմանի բացման ուղղությամբ, բայցևայնպես, դա կիրականացնի փուլ առ փուլ, քայլ առ քայլ տարբերակով։   

«Չի բացառվում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապվի նաև նոր երկաթգծի կառուցման հետ, քանի որ թուրքական կողմն արդեն իսկ ձեռնարկել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որն ունի 220 կիլոմետր երկարություն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։  

Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ վերոհիշյալ գործընթացը որոշակիորեն կապ ունի նաև ազդեցության ռեսուրսների հետ, քանի որ թուրքական կողմի քաղաքական որոշակի ճնշման պարագայում Ադրբեջանը կարող է ավելի արագ համաձայնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։  

«Բայց չեմ կարծում, որ դա Թուրքիայի համար կենսական նշանակության հարց է, որպեսզի մեծ ռեսուրսներ օգտագործի։ Ներկայում Թուրքիայի քաղաքականությունն ու գլոբալ ռազմավարությունը շատ ավելի մեծ տարածաշրջաններ է ընդգրկում։ Եթե մի քանի տարի առաջ Հարավային Կովկասը Թուրքիայի համար ուներ առաջնային նշանակություն, ապա հիմա տեսնում ենք, որ այդ երկիրը վարում է ավելի ընդգրկուն ու ծավալապաշտական քաղաքականություն՝ փորձելով Սիրիայում, Մերձավոր Արևելքում և առհասարակ ամբողջ աշխարհում մեծացնել ու ավելի ազդեցիկ դարձնել իր դերակատարությունը։ Հարավային Կովկասը, թեև պահպանում է իր կարևորությունը, բայցևայնպես, այժմ չունի առաջնային նշանակություն Թուրքիայի համար, որպեսզի լուրջ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հայկական կողմի հետ հարաբերությունների կարգավորումը խթանելու նպատակով»,- նշեց Սաֆրաստյանը։     

Նրա խոսքով՝ այդ գործընթացում կա նաև Միացյալ Նահանգների դերը, որը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ 1992 թվականից ի վեր, երբ առաջին անգամ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բեյքերը ժամանեց մեր տարածաշրջան, հետևաբար ամերիկյան կողմը ցանկանում է, որպեսզի օր առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրն ու հարաբերությունները կարգավորվեն Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Սաֆրաստյանի կարծիքով՝ այդ գործոնը ստիպում է ԱՄՆ-ին իր հերթին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, թեև այդ ճնշումը չի կարող  լինել կրիտիկական, որովհետև ԱՄՆ-ի համար ևս հարավկովկասյան ուղղությունը չունի առաջնային նշանակություն։  

Անդրադառնալով տվյալ խնդրում Եվրամիության դերակատարությանը, առավել ևս, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել էր Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ և քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիայի համար այս փուլում կենսական նշանակություն չունի նաև ԵՄ-ին անդամակցելու հարցը, այդ գործընթացը սառեցված է։ 

«Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրում կա մի կետ, որ թուրքական կողմը պետք է իր հարաբերությունները կարգավորի բոլոր հարևանների հետ։ Եթե պրոցեսը վերականգնվի, Եվրամիությունն անպայման Թուրքիայի առջև կդնի Ադրբեջանի վրա ներգործելու և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը։ Այդուհանդերձ, ԵՄ-ն Թուրքիայի վրա չի կարող ճնշում գործադրել, դա կարող է անել միայն ԱՄՆ-ն»,- եզրափակեց թուրքագետը։     

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման շղթայի հաջորդ կարևոր օղակն է։

Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը ակտիվորեն շարունակում է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը՝ հիշեցնելով, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։   

Հայերեն Русский Türkçe