Քաղաքականություն

Թուրքիան ուզում է, որ Հարավային Կովկասում ստեղծված ստատուս-քվոն նաև փաստաթղթավորվի հայ-ադրբեջանական պայմանագրով. թուրքագետի վերլուծությունը

5 րոպեի ընթերցում

Թուրքիան ուզում է, որ Հարավային Կովկասում ստեղծված ստատուս-քվոն նաև փաստաթղթավորվի հայ-ադրբեջանական պայմանագրով. թուրքագետի վերլուծությունը

Սիրիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեծապես նպաստեցին Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, և վերջինս իր վրա է վերցրել մեծ պարտականություններ, մեծ բեռ՝ հարևան երկրում իշխանության փոխանցման գործընթացը ղեկավարելու և այնտեղ մեծ դերակատարում ստանձնելու առումով, քանզի արդեն ներդրել է զգալի ռեսուրսներ։ Այդուհանդերձ, Թուրքիան շահագրգռված չէ Հարավային Կովկասում ունենալ նույն դերակատարումը և նույն ինտենսիվությամբ ու ծավալով ուղղակիորեն ներգրավվել տարածաշրջանի գործընթացներում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սիրիայում տեղի ունեցած գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան հարավկովկասյան տարածաշրջանում և որքան մեծ կլինի Թուրքիայի ներգրավվածության աստիճանը։

«Թուրքիային այժմ ձեռնտու չէ, որ իրադրությունը Հարավային Կովկասում սրվի և ինքն էլ ստիպված լինի միջամտել զարգացումներին։ Եթե ավելի լայն կտրվածքով դիտարկենք ռազմավարական տվյալ խնդիրը, ապա պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում այժմ տեղի է ունենում աշխարհաքաղաքական փոփոխությունների մի կարևոր շրջան, որի նպատակն է որոշ չափով ԱՄՆ-ի հեռացումը մերձավորարևելյան տարածաշրջանից, ինչը կհանգեցնի նրան, որ Թուրքիան ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելով իր քայլերն ու ստանալով համապատասխան աջակցություն, կփորձի լրացնել այդ վակուումը։ Սա նույնպես հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ Թուրքիան Հարավային Կովկասում չի ձգտի գերակտիվ դերակատարության՝ սրելով իրավիճակը»,- ասաց Սաֆրաստյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան վերջին տարիներին Էրդողանի գլխավորությամբ իրականացնում է մի քաղաքականություն, որի ռազմավարական նպատակն է Թուրքիան դարձնել աշխարհում որոշումներ կայացնող կարևոր երկրներից մեկը։ Էրդողանը նույնիսկ հայտարարել է, որ աշխարհն ավելի մեծ է և պարփակված չէ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական պետություններով։ Թուրքիայի նախագահը փորձում է իր երկիրը դարձնել համաշխարհային խաղացող, սակայն Հարավային Կովկասը նրա համար չունի այնպիսի նշանակություն, ինչ ուներ մի քանի տարի առաջ։ 

«Թուրքիան այժմ շահագրգռված է, որ մեր տարածաշրջանում իր ուժեղացած դիրքերից բխող ստատուս-քվոն նաև փաստաթղթավորվի հայ-ադրբեջանական պայմանագրով ու լինի նպաստավոր Ադրբեջանի համար։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան չի ցանկանա, որպեսզի լարվածությունն այստեղ ուժեղանա կամ լինի նոր պատերազմ»,- նշեց մեր զրուցակիցը։

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չի զսպում Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությունը՝ Սաֆրաստյանն ընդգծեց, որ ներկա փուլում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ի հայտ է եկել տեսադաշտերի տարբերություն։ Ըստ նրա՝ Անկարան առաջնորդվում է աշխարհաքաղաքական ու ռազմավարական նկրտումներով, իր համար նախանշում է գլոբալ ծրագրեր, մինչդեռ Ադրբեջանի տեսադաշտը շատ ավելի փոքր է ու նեղ։ 

«Բաքվի համար կարևոր է ոչ թե Հայաստանի հետ պայմանագրի ստորագրումը, այլ հարևան երկրից մեծ զիջումներ կորզելը, հետևաբար ռազմատենչ հռետորաբանությունն օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այդուհանդերձ, համոզված չեմ, որ այդ հռետորաբանության հիմքում հենց իրական պատերազմի սանձազերծումն է Հայաստանի դեմ, որովհետև հռետորաբանությունն ու իրականությունը տարբեր բաներ են։ Չնայած այդ հանգամանքին՝ պետք է շարունակ զգոն մնալ և պատրաստ լինել ցանկացած արկածախնդրության կամ ագրեսիայի»,- պարզաբանեց թուրքագետը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան Հարավային Կովկասում այժմ Ռուսաստանին և Իրանին հակադրվելու ցանկություն նույնպես չունի և բավարարվում է նրանով, ինչ այս պահին ունի ձեռքի տակ, թեև չի բացառվում, որ հետագայում կփորձի ավելի ուժեղացնել իր դիրքերը։

«Թուրքիան պարզապես ուրիշ, ավելի մեծ խաղերի մեջ է ընդգրկված և, օրինակ, Սիրիայում հասավ հաջողության, քանի որ զուգահեռաբար այնտեղ թուլացան Ռուսաստանի և Իրանի դիրքերն ու ազդեցության լծակները։ ՌԴ-ն իր հերթին գլխավորապես զբաղված է Ուկրաինայի հետ հակամարտությամբ և շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասում առաջանա առճակատման նոր օջախ։ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դարեր շարունակ պայքարել են մեր տարածաշրջանի համար և հանգամանքների հետաքրքիր զուգադրման արդյունքում երեքն էլ դեմ են իրավիճակի կտրուկ վատթարացմանը Հարավային Կովկասում»,- եզրափակեց թուրքագետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում