Վերլուծություն

Թուրքիան ամեն կերպ ձգտում է, որ Սիրիայում չլինի քրդական ինքնավարություն, իսկ Իրանի հանդեպ ցուցաբերում է զգուշավորություն. թուրքագետի վերլուծությունը

5 րոպեի ընթերցում

Թուրքիան ամեն կերպ ձգտում է, որ Սիրիայում չլինի քրդական ինքնավարություն, իսկ Իրանի հանդեպ ցուցաբերում է զգուշավորություն. թուրքագետի վերլուծությունը

Թուրքիայի ռազմավարությունը Սիրիայի նկատմամբ հենվում է այն համոզմունքի վրա, որ արաբական երկիրը պետք է պահպանվի՝ որպես միասնական պետություն, իսկ Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական ուժերը պետք է ինտեգրվեն արաբական երկրի ներկայիս կառավարական ու պետական համակարգի մեջ։ Թուրքիան զգուշավորություն է դրսևորում նաև Իրանի նկատմամբ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով մերձավորարևելյան վերջին զարգացումների համատեքստում հատկապես Թուրքիայի դերակատարությանը։  

«Թուրքիան ամեն կերպ ձգտում է, որպեսզի Սիրիայում չլինի քրդական ինքնավարություն, իսկ քրդական զինյալ ջոկատներն ինտեգրվեն սիրիական բանակին։ Անկարայի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրդական գործոնը տակավին համարվում է վտանգ Անկարայի համար, ուստի փորձում է այդ վտանգը հնարավորինս չեզոքացնել իր հնարավորությունների շրջանակում։ Ներկա իրավիճակում Թուրքիայի քաղաքականությունը բխում է հենց այդ նպատակից»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանում Թուրքիային հաջողվել է բարձրացնել իր դերը մերձավոր Արևելքում՝ օգտագործելով տարբեր հնարքներ։ Ըստ նրա՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը բխում է այն մոտեցումից, որ Անկարան պետք է պահպանի ու ամրապնդի նպաստավոր դիրքերը մերձավորարևելյան տարբեր զարգացումներում։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Թուրքիան հարաբերվում տարածաշրջանում գործող տարաբնույթ պրոքսի ուժերի հետ՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ հարևան երկրի մոտեցումներն այդ հարցում միանշանակ չեն։  

«Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ»-ը հիմնականում գործում է Իրանի ազդեցության ներքո, հետևաբար նրա և Թուրքիայի կոնտակտներն ինտենսիվ բնույթ չեն կրում կամ, գուցե, ընդհանրապես գոյություն չունեն։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին վերջին շրջանում ստացավ մեծ հարվածներ, զգալիորեն թուլացած է և չի կարող Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն ներկայացնել։ Այս դեպքում Անկարան ՀԱՄԱՍ-ի հետ հարաբերություններում որևէ ակտիվություն չի ցուցաբերի, ինչպես եղել է նախկինում, երբ խմբավորումը դեռ Իսրայելի կողմից հարվածներ չէր ստացել»,- նշեց թուրքագետը։  

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են սեղմել օղակն Իրանի շուրջ՝ Սաֆրաստյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես է դիրքավորվում Թուրքիան հակաիրանական կոալիցիայի հանդեպ։

«Թուրքիան մի կողմից փորձում է այնպես դիրքավորվել, որ չհայտնվի ԱՄՆ-ի ու Իսրայելի հակառակորդների թվում, սակայն մյուս կողմից էլ չի պաշտպանում անմիջական ռազմական միջամտության գաղափարը ներիրանական զարգացումներում։ Թուրքիան Իրանի հետ իր հարաբերություններում բավականին զգուշավոր է, իսկ ներիրանական զարգացումների վերաբերյալ ունի մտահոգություններ, չի ցանկանում,  որ Իրանը հարվածների արդյունքում մասնատվի կամ կորցնի տարածքային ամբողջականությունը, որովհետև այդ հեռանկարը համարում է չափազանց վտանգավոր ողջ տարածաշրջանի համար, ինչից պետք է ամեն կերպ խուսափել։ Թուրքիան ամեն կերպ ցույց է տալիս, որ բարձր է գնահատում Իրանի հետ հարևանությունը, ուստի պատահական չէ, որ թուրքական մամուլը շատ զգուշավոր է արձագանքում ներիրանական վերջին զարգացումներին։ Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները նույնպես բխում են այդ մոտեցումից»,- ասաց թուրքագետը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան շահագրգռված է, որ Իրանի հետ կապված խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, որպեսզի հակամարտող կողմերն ի վերջո գան համաձայնության։ Թուրքագետի խոսքով՝ Իրանի նկատմամբ արտաքին հարձակման հնարավորության և ներքին սրացումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է ավելի շուտ դիվանագիտական միջոցների, փոխզիջումային տարբերակներ գտնելու, այլ ոչ թե կտրուկ քայլեր ձեռնարկելու վրա։   

Անդրադառնալով այն հարցին, թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները Թուրքիային տալի՞ս են արդյոք ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորություն, թե՞ սահմանափակում են Թուրքիայի քայլերի ու դիվանագիտական ջանքերի շրջանակը՝ Սաֆրաստյանն ընդգծեց, որ այդ զարգացումների համատեքստում Անկարան փորձում է հնարավորինս մանևրել։

«Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի նկատմամբ հարևան երկրի դիրքորոշումը պայմանավորված է դիվանագիտական գործիքների կիրառմամբ։ Այստեղ բացառվում է կտրուկ քայլերի, մանավանդ ռազմական գործողությունների տարբերակը։ Դա վկայում է, որ թուրքական դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին բավականին ճկուն է»,- եզրափակեց Սաֆրաստյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում