Քաղաքականություն

Հայաստանը կարևոր խաղաքարտ ունի, որը պետք է պինդ պահի. Ռուբեն Սաֆրաստյան

9 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևոր խաղաքարտ ունի, որը պետք է պինդ պահի. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է հնարավորինս հեռու մնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հարավային Կովկասում ծավալվող պայքարից, վարի շատ նուրբ դիվանագիտություն և հուսալիորեն պաշտպանի իր աշխարհաքաղաքական դարպասն ու դրա բանալին: 

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպես ձևակերպեց Հայաստանի անելիքները փոխակերպվող տարածաշրջանում՝ ներկայացնելով աշխարհառազմավարական գործընթացների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ իր ընկալումները:

- Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքը փոխակերպվող Հարավային Կովկասում:

- Նախ, փորձենք հասկանալ Հարավային Կովկասում ներկայում ծավալվող աշխարհառազմավարական նշանակության գործընթացների հիմնական միտումները։ Առաջին հանգամանքն այն է, որ Հարավային Կովկասը դառնում է տարբեր ուժային կենտրոնների միջև պայքարի թատերաբեմ․ այստեղ գնալով սրվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարը։ Երկրորդը՝ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումն է: Երրորդ առանձնահատկությունն այն է, որ Հարավային Կովկասը ներգրավվում է համաշխարհային գործընթացներում: Նախկինում այս տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ոլորտում և, ըստ էության, դուրս էր համաշխարհային գործընթացներից։ Այս երեքն են հիմնական միտումները, բայց կան նաև դրանցից բխող մի շարք այլ միտումներ: Մասնավորապես, Թուրքիայի ակտիվացումը մեր տարածաշրջանում:

- Այս պայմաններում ի՞նչ դիրքավորում պետք է ունենա Հայաստանը։

- Իմ մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանը պետք է հեռու մնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս տարածաշրջանում ծագող պայքարից: Կարևոր եմ համարում նաև մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների պահպանումը՝ իհարկե, հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որոնք ներկայում կան։ Նույնքան կարևոր է, որ կարողանանք ավելի բազմաբնույթ դարձնել մեր հարաբերություններն այլ երկրների հետ, վարել դիֆերենցված արտաքին քաղաքականություն: Եվ, իհարկե, շատ կարևոր եմ համարում մեր արտաքին քաղաքականության տարածաշրջայնացումը։ Նկատի ունեմ տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների կարգավորումը։ Եվ վերջինը․ այսօր տարածաշրջանը ներգրավվում է համաշխարհային զարգացումներում։ Հայաստանը պետք է ձգտի իր մասն ունենալ Պեկին-Լոնդոն կամ Հյուսիս-Հարավ միջանցքում։ Բայց այդ մասն ունենալով՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և պաշտպանենք մեր տարածքային ինքնիշխանությունը և ազգային շահերը:

- Ձեր կանխատեսմամբ՝ ինչի՞ կհանգեցնեն տարածաշրջանում ընթացող խորքային զարգացումները։

- Այս միտումները դեռևս ավելի խորանալու, զարգանալու ներուժ ունեն։ Իսկ ինչի՞ կհանգեցնի այս ամենը՝ չեմ կարող ասել:

- Ուժային կենտրոնների միջև նման կոշտ պայքարի պարագայում փոքր երկրները կարո՞ղ են չեզոքությո՞ւն պահպանել:

- Հայաստանի պարագայում չէի ցանկանա օգտագործել չեզոքություն բառը, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Մենք չենք հրաժարվում դրանից: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, որից նույնպես չենք հրաժարվում, քանի որ դա շահավետ է մեզ համար։ Մենք պետք է հնարավորինս հեռու մնանք և շատ նուրբ դիվանագիտություն վարենք՝ ոչ թե չեզոք լինենք, որովհետև դեռ չենք կարող չեզոք լինել: Ամեն դեպքում, դա չպետք է հռետորաբանության մակարդակի հասցնենք, բայց պետք է հնարավորինս հեռու մնանք:

- Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ենթադրո՞ւմ է, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական հիշողությունից:

- Պատմական հիշողությունից անհնար է հրաժարվել․ դա մեր ժողովրդի անցած ուղու խտացված արտահայտումն է: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է հենց այս պահին իրականացնենք մեր պատմական հիշողության բոլոր պահանջները: Դա պետք է մնա, պահպանվի, պետք է գիտական առումով հետազոտություններ լինեն: Օրինակ, նոյեմբերի 27-ին Մոսկվայում հրատարակվեց իմ հեղինակած «Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագիր» գիրքը։ Շատ կարևոր եմ համարում Ռուսաստանում՝ Մոսկվայի ամենախոշոր հրատարակչությունների կողմից այդ գիրքը հրատարակումը, որպեսզի Ռուսաստանում ավելի խորը գիտելիքներ ունենան ցեղասպանության մասին: Այնպես որ, դա պետք է շարունակվի՝ այստեղ խնդիր չեմ տեսնում:

- Իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ զարգացումներ եք սպասում:

- Հայ-ադրբեջանական հարաբերությունները եկել, հասել են մի կետի, երբ մնացել է համաձայնեցնել պայմանագրի մի քանի կետ։ Պետք է շարունակել այդ բանակցությունները: Այստեղ, իմ ընկալմամբ, Ադրբեջանը ոչ հեռատես քաղաքականություն է վարում: Փորձում է այս պահը օգտագործել՝ Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելու համար: Սա է նրանց նպատակը: Նրանք առաջ չեն նայում, չեն գիտակցում, որ որքան շուտ ստորագրվի այդ պայմանագիրն, այնքան իրենց համար էլ լավ կլինի: 

Օրինակ, Թուրքիայի դիրքորոշումը համարում եմ ավելի ռազմավարական: Թուրքիան ասում է՝ որքան շուտ, այնքան լավ: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիայի համար շատ կարևոր է հնարավորինս արագ պայմանագրով ֆիքսել այս նոր իրավիճակը, որը տարածաշրջանում ստեղծվել է Ռուսաստանի թուլացմամբ։ Դա որոշակի տեսադաշտի հարց է։ 

- Այսինքն, մեկի դեպքում նպատակները տեղային բնույթի՞ են, իսկ մյուսինը՝ ավելի հեռահա՞ր։ 

- Թուրքիան ավելի լայն տեսադաշտ ունի: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է համաշխարհային առումով ուժեղացնել իր դերը: Նեղ տարածաշրջանն այնքան կարևոր չէ նրա համար։ Այստեղ նա ցանկանում է հայ-ադրբեջանական պայմանագրով հնարավորինս շուտ ֆիքսել  իր դիրքերի ուժեղացումը և Ռուսաստանի թուլացումը, որպեսզի կարողանա իր հավակնություններն, այսպես ասած, համաշխարհային մակարդակով իրականացնել: Իսկ Ադրբեջանն ավելի փոքր մարտավարական տեսադաշտ ունի՝ ընդամենը ցանկանում է Հայաստանից զիջումներ պոկի, կորզի: Այնպես որ, սա տեսադաշտերի և պետության մասշտաբների ու մակարդակի խնդիր է:

- Ռուս-իրանական հարաբերություններում մեր տարածաշրջանի հետ կապված հակասություններ նկատվո՞ւմ են: 

- Ռուս-իրանական հարաբերություններն իսկապես կարևոր են, և, ըստ էության, հիմա երկու գործընթաց ենք տեսնում: Առաջինը՝ ռազմավարական առումով։ Այս երկու երկրները հիմա ենթարկվում են Արևմուտքի ուժեղ ճնշումներին և փորձում են ավելի սերտացնել հարաբերությունները միմյանց հետ։ Իհարկե, այստեղ կան որոշակի բարդություններ, բայց նրանց հարաբերությունները բավականին սերտացել են: Մյուս կողմից, որքանով հասկանում եմ, մեր տարածաշրջանի առումով Իրանի մտահոգությունն այն է, որ Ռուսաստանի թուլացմամբ այստեղ չուժեղանան Արևմուտքի կամ Թուրքիայի դիրքերը։ Այդ առումով Իրանի համար շատ կարևոր է Հայաստանի գործոնը, որի միջոցով ցանկանում է խոչընդոտել Հարավային Կովկասում Արևմուտքի և Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Պատահական չէ, որ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ 

- Ըստ ձեզ, ո՞ր դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը և կգնա հարաբերությունների լիարժեք կարգավորման:

- Կարծում եմ՝ դա միանգամից տեղի չի ունենա: Իրենք շատ պարզ ասել են՝ երբ ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիրը, որոշակի քայլեր կձեռնարկեն հարաբերությունների կարգավորման առումով: Բայց, կարծում եմ, Թուրքիան կփորձի իր ձեռքում խաղաքարտ պահել: Գիտե՞ք ինչու․ որովհետև նրանց հաշվարկներով՝ Կարսը Նախիջևանին կապող երկաթուղու շինարարությունն ավարտվելու է 2029 թվականին։ Մինչև այդ Թուրքիան կփորձի Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցներ պահել իր ձեռքում։ Հարաբերությունները 100 տոկոսով չեն կարգավորի, բայց Թուրքիան կարևոր քայլեր կանի, որպեսզի դրանք օգտագործի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ էքստերիտորիալ միջանցք ստանալու նպատակով: 

- Կարծում եք, նրանք կփորձեն բացե՞լ այդ միջանցքը:

- Կփորձեն, իհարկե: Բայց մենք, ինչպես մինչև հիմա, այնպես էլ հետագայում պետք է ոչ մի պարագայում թույլ չտանք դա։ Այստեղ կարևորը քաղաքական կամքն է: Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ ինքներս էլ ունենք կարևոր խաղաքարտ, որը պետք է օգտագործենք: Բանալի ունենք՝ Մեղրիի միջանցքը, որը համարում եմ Հայաստանի աշխարհաքաղաքական դարպասը: Ավելին՝ այդ դարպասն ամբողջ Սյունիքն է: Եվ դրա բանալին մեր ձեռքում է: Ոչ մեկին չենք տալու բանալին՝ մենք ենք որոշելու: Կարևորը այն շատ պինդ պահելն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում