Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Հիմա, առավել քան երբևէ, շատ կարևոր է ունենալ խոսակցություն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, նրա շուրջ, և ինչու է տեղի ունենում։
Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն, ընդ որում, այդ գաղափարախոսական փոփոխությունը նախ տեղի է ունենում նախ Հայաստանում կառավարող թիմի մեջ։ Սա կարևոր է արձանագրելու համար, որ ոչ թե ուրիշի գաղափարը կամ գաղափարախոսությունը փոխարինվում է մեր սեփական գաղափարով կամ գաղափարախոսությամբ, այլ այն գաղափարը, որը մերն է, մեզ համար նույնքան հարազատ է, ամենատարբեր հանգամանքների և իրադրությունների բերումով ապրում է որոշակի փոփոխություն։ Նկատի ունեմ, որ մենք և՛ նախկին, և՛ նոր ձևավորվող գաղափարի կրողն ենք նույն չափով։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել՝ ոչ թե մեզանից առաջ Հայաստանի իշխանությունն ուներ ուրիշ գաղափարախոսություն, և մենք եկանք, հրաժարվեցինք այդ գաղափարախոսությունից և մեր գաղափարախոսությունն ենք դնում, այլ մենք բոլորս, իմ կարծիքով, հայությունն ընդհանրապես, կրում է մի գաղափարախոսություն, որի կրողն ենք եղել նաև մենք և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես քաղաքացի, և՛ որպես կառավարություն, բայց հիմա տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը մանրամասնել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, և որն է նրա տրանսֆորմացիան։ «Իմ համոզմամբ՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ սփյուռքում ընկալում է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը մի հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար։ Այդ նպատակները, իմ համոզմամբ, կապված են մեր պատմական անցյալի հետ։ Գաղափարախոսությունը փոխվում է դեպի հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը ինքն է բարձրագույն ազգային նպատակը, և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր նպատակ չի կարող լինել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր նպատակն է, հետևաբար շատ կարևոր է կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակության խնդրի վրա։ Այստեղից հետևում է նաև, որ Հայաստանի Հանրապետության գործառութային նպատակն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր տրանսֆորմացիոն փոփոխություն է, որը պետք է իրականացվի։ Փաշինյանը նաև հստակեցրեց, թե ինչու է կարևոր այդ տրանսֆորմացիոն փոփոխության իրականացումը. «Միայն այս գաղափարախոսությունն է, որ Հայաստանի Հանրապետությանը լինելիության շանս է տալիս։ Մենք այս ամեն ինչին եկել ենք 44-օրյա պատերազմում պարտության բերումով և այդ պարտության խորքային և ոչ խորքային պատճառները վերլուծելու և հասկանալու բերումով, և այս ընթացքում ինչ խոսել կամ ասել ենք, կապված են եղել դրա հետ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այդ պարտության միջով անցնելով, ձեռք է բերել անկախ, ինքնիշխան պետություն ձեռք բերելու հնարավորություն։ «Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ, այս թեմայի մասին էլ եմ շատ երկար մտածել և իմ մոտ ձևավորվել է համոզմունք, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել»,- ասել է վարչապետը։