ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայաստանի Հանրապետությունը ինքն է բարձրագույն նպատակը, և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է՝ ամենաբարձր նպատակը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով տեսանյութի հատված ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին: