ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ,։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ Կիպրոսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:
Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխշահավետ համագործակցության և մեր ժողովուրդների միջև առկա սերտ կապերի շնորհիվ։
Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում։
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորելու նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ հանձնառությամբ կիրագործենք այս նպատակն ու առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»: