Հայաստան

Ջրի որակի հետ կապված կասկածների դեպքում քաղաքացիներին հորդորում են զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի՝ 81-07 հեռախոսահամարով

4 րոպեի ընթերցում

Ջրի որակի հետ կապված կասկածների դեպքում քաղաքացիներին հորդորում են զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի՝ 81-07 հեռախոսահամարով

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի որակի հետ կապված տեղեկատվությունը ստանալուն պես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առանց լրացուցիչ փորձաքննության արդյունքներին սպասելու կարգադրագիր է արձակել՝ տվյալ ջրօգտագործումը կասեցնելու և բնակիչներին խմելու ջրով ապահովելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ 

«Փոխվարչապետի համակարգմամբ միջգերատեսչական խումբ է ստեղծվել, և ամենօրյա ռեժիմով իրականացվում են աշխատանքներ։ Այս պահին մի քանի փորձաքննություններ ցույց են տվել, որ արդյունքները հուսադրող են։ Երբ ունենանք վերջնական արդյունքը, կարգադրագիրը կհանվի»,- ասաց Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում ջրի ոլորտում տեսչական մարմինն իրականացրել է շուրջ 400 վերահսկողական միջոցառում։ Անդրադառնալով Բյուրեղավանի դեպքին՝ Սարգսյանը նշեց, որ տեսչական մարմինը վերահսկողություն է նախաձեռնել, որը դեռևս չի ավարտվել։ 

«Մենք ամեն օր փորձաքննություններ ենք իրականացնում, նմուշառումներ ենք վերցնում տարբեր տեղերից, որպեսզի հասկանանք՝ հիմա ինչ ունենք»,- ասաց նա։ 

Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 24-ի վթարից հետո տեսչական մարմինն անմիջապես կարգադրել է կասեցնել տվյալ աղբյուրից ջրօգտագործումը և այլ միջոցներով ապահովել բնակիչների ջրամատակարարումը։ 

Տեսչական մարմնի ղեկավարը քաղաքացիներին հորդորեց ջրի որակի հետ կապված կասկածների դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի՝ 81-07 հեռախոսահամարով։ 

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում էին իրականացրել, որի արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից բարձր էր եղել։ Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառումներ էին իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել էին նույն ցուցանիշները։ Բոլոր պատկան մարմինները տեղեկացվել և զգուշացվել էին արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրապահովման կարիքները հոգալու նպատակով։ Բյուրեղավանում էլ վերջին ամիսներին քաղաքի բնակիչները երեք անգամ դիմել են շտապ օգնության ծառայություն՝ սրտխառնոցի, փորլուծության, փսխման և ջերմության բարձրացման գանգատներով։ Համայնքապետարանը բնակիչներին կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ այն օգտագործել միայն եռացնելուց հետո։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ ջանքերով նմուշառումներ էին իրականացվել ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության վայրերից, այնպես էլ քաղաքի այլ հասցեներից։ Հայտարարվել էր, որ լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում