Տեսչական մարմինը Դեֆանսի շինհրապարակում դժբախտ դեպքի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնել
4 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է նախաձեռնել Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ շինհրապարակում տարբեր կազմակերպություններ են շինարարական աշխատանքներ իրականացնում, իսկ տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագիրը կազմելիս ռիսկայնությունը հաշվարկում է ոչ թե առանձին շինարարական օբյեկտի, այլ տնտեսվարող սուբյեկտի համար, որը կարող է տվյալ պահին մեկ կամ մի քանի շինարարություն իրականացնել։
Սարգսյանը նշեց, որ Դեֆանսի շինհրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքից առաջ՝ սեպտեմբերի 21-ին, տեսչական մարմնի կողմից տվյալ շինհրապարակում իրազեկման այց է իրականացվել։
«Երբ դժբախտ դեպք է տեղի ունենում, գործատուն պետք է տեղեկացնի տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը տեղեկատվությունը ստանալու դեպքում նախաձեռնում է վարույթ՝ ոչ թե միայն պարզելու՝ ծառայողական քննություն իրականացվել է, թե ոչ, այլ ստուգելու, թե տվյալ տնտեսվարողի մոտ անվտանգային նորմերը պահպանված են, որպեսզի հետագայում նման դեպքերից խուսափենք»,- ասաց նա։
Տեսչական մարմնի ղեկավարը հավելեց, որ նույն օրը վարչական վարույթ է նախաձեռնվել, իրականացվել է զննում՝ տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում։ «Պատճառները, մեղավորները քրեական վարույթի շրջանակում պարզելու ենթակա հարցեր են»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նման դեպքերում տեսչական մարմինը կարգադրություն է տալիս խախտումները վերացնելու վերաբերյալ և տնտեսվարողին ենթարկում համապատասխան պատասխանատվության՝ օրենքով սահմանված հոդվածով։
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է ավելի քան 8000 վերահսկողական միջոցառում, որոնց մոտ կեսը՝ աշխատանքի օրենսդրության բնագավառում։ Այդ ոլորտում արձանագրված խախտումների գրեթե բոլորը վերաբերել են աշխատանքային իրավունքների խախտումներին, իսկ աշխատանքի անվտանգության վերաբերյալ բողոքներ տեսչական մարմինը գրեթե չի ստացել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում վերամբարձ կռունկ է ընկել։ Պատահարի հետևանքով զոհվել են կռունկավարը և ևս երկու աշխատակից։ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում երեք մարդու մահվան պատճառ դարձած դժբախտ դեպքը տեղի է ունեցել կապալառու շինարարական ընկերություններից մեկին պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Դեֆանս Հաուզինգի» մամուլի ծառայությունը։ Ընկերությունը պարզաբանել էր, որ մահացած երեք անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ չեն եղել։ «Մահվան ելքով դժբախտ դեպքը տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ»,- ասված էր հաղորդագրությունում։