Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները
3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է Խորհրդարանական ընտրության անցկացման և արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության զեկույցը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր մտահոգությունները կիսում եմ, նաև առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք, որովհետև այս պահին մենք վերլուծում ենք առաջարկները: Ես կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի իմ կարծիքով, բայց, որպեսզի փորձագիտական մակարդակով մենք այդ հարցին անդրադառնանք, դա պետք է փորձագիտական մակարդակով էլ քննարկենք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունների անցկացման վերաբերյալ խնդիրներ նաև իրենք են առանձնացրել:
«Ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ մեր ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի այն իրադրությունները, որոնք ստեղծվել են, ինչ-որ ձևով բացառենք կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- նշեց Փաշինյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակությունն իր զեկույցում նշել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ընտրողներին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն են տվել և, ընդհանուր առմամբ, լավ են կազմակերպվել։ Զեկույցում նշվել է, որ դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրությունների օրվա ընթացքը դրական է գնահատվել։
Միաժամանակ, զեկույցում նշվել է, որ քարոզարշավի ընթացքում արտերկրից ուղղակի ճնշում է դիտարկվել՝ աճող առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով։ Ըստ զեկույցի՝ դրանց նպատակն էր ընտրողների վրա անհարկի ազդեցություն գործել ընդդիմադիր ուժերի օգտին։
Զեկույցում նշվել է նաև, որ արևմտյան և եվրոպական պաշտոնյաների՝ իշխող ուժին աջակցող հայտարարությունները ևս ընկալվել են որպես արտաքին միջամտություն, սակայն առանց ռուսական գործողություններին բնորոշ հարկադրանքի մասշտաբի։