Վերլուծություն

Ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան՝ որպես միջնորդ հանդես գալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. պարզաբանում է թուրքագետը

6 րոպեի ընթերցում

Ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան՝ որպես միջնորդ հանդես գալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. պարզաբանում է թուրքագետը

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Ղրիմը Թուրքիայի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն, և թուրքական կողմը չի ցանկանում, որ այն հայտնվի Ռուսաստանի կազմում, ինչի շնորհիվ Սևծովյան ավազանում Ռուսաստանի ազդեցությունն ավելի կմեծանա, հետևաբար Անկարան ցանկանում է, որպեսզի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր մոտեցումը ստանա փաստաթղթային ամրագրում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի միջնորդական դերակատարությանը և այդ առաքելությամբ պայմանավորված՝ Թուրքիայի ռազմավարական նկրտումներին։   

«Վերջին տարիներին Թուրքիան հնարավոր բոլոր հակամարտություններում փորձում է հանդես գալ որպես հաշտարար միջնորդ։ Այդ դերակատարումը Թուրքիայի ղեկավարության կողմից դիտարկվում է որպես հնարավորություն՝ Թուրքիայի հեղինակությունն աշխարհում բարձրացնելու համար, իսկ դա ներկայիս ղեկավարության կամ անձամբ նախագահ Էրդողանի ամենակարևոր նկրտումն է ու երազանքը։ Նա ջանադրաբար ձգտում է Թուրքիան դարձնել ավելի ազդեցիկ երկիր, քան օբյեկտիվորեն կա, այսինքն՝ թռնել գլխից վեր, ուստի միջնորդության հայտերը տարբեր հակամարտություններում հենց ծառայում են այդ նպատակին»,- ասաց Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ ռուս-ուկրաինական հակամարտությանը, ապա դա, թուրքագետի դիտարկմամբ, մի կողմից Թուրքիայի միջնորդական ջանքերի շնորհիվ նշված երկրի հեղինակության բարձրացման հնարավորություն է, առավել  ևս, որ խոսքն այժմ ամենամեծ կոնֆլիկտներից մեկի մասին է, հետևաբար միջնորդ երկիրը նույնպես հայտնվում է միջազգային մեծ ուշադրության կենտրոնում։ Մյուս կողմից էլ թուրքական կողմի դերակատարումը որոշակի հարցեր է լուծում, որոնցից մեկն, օրինակ, այն է, որ Թուրքիան փորձում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր մոտեցմանը տալ փաստաթղթային ամրագրում, որովհետև Անկարայի համար Ղրիմն ունի շատ մեծ նշանակություն։ 

Թուրքագետը հիշեցրեց, որ այդպես է եղել պատմականորեն, և Ղրիմի հետ կապված ռազմավարական նկրտումները Թուրքիան պարբերաբար բարձրաձայնում է՝ նույնիսկ նշելով, որ Ղրիմը նախկինում եղել է թուրքական տարածք։

«Բայց կան նաև այլ հանգամանքներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել։ Թուրքիան մի կողմից ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, մյուս կողմից շրջանցում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները։ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է ոչ միայն «Բայրաքթարներ», թեև դրանք նախկինի պես մեծ քանակով չեն օգտագործում, որովհետև փաստացի այդքան հնարավորություններ չունեն, ինչպես նախկինում գովազդում էր թուրքական կողմը։ Այդուհանդերձ, Անկարան Կիևին տրամադրում է նաև այլ սպառազինություն։ Մյուս կողմից Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ Ռուսաստանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, ուստի այն ապրանքները, որոնց մուտքն արգելված է ՌԴ տարածք, թուրքական ընկերությունները դրանք վերագնում են Արևմուտքում և վերավաճառում ռուսներին՝ ստանալով մեծ  օգուտներ։ Այսինքն՝ հակամարտող երկու կողմերի հետ էլ Թուրքիան ունի հատուկ հարաբերություններ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գիտակցելով Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում՝ ինչն է ստիպում Ռուսաստանին գնալ թուրքական կողմի հետ համագործակցության կամ առավել ևս թուրքական հարթակն օգտագործել Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու համար, Սաֆրաստյանն ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր են այն քայլերը, որոնք Թուրքիան կատարում է ի նպաստ Ռուսաստանի։

«Խոսքը չի վերաբերում միայն պատժամիջոցները շրջանցելուն։ Ռուսաստանը որոշ դեպքերում ունի ուղղակի շահագրգռվածություն, որպեսզի Անկարայի հետ ունենա լավ հարաբերություններ։ Հենց միայն այն փաստը, որ Եվրոպայում Թուրքիան միակն է, որն իր օդային տարածքը չի փակել ՌԴ-ի առջև, և ռուսական ինքնաթիռներն օդային ճանապարհով արտաքին աշխարհի հետ կապվում են Ստամբուլի վրայով, ինքնին վկայում է հարաբերությունների հատուկ բնույթի մասին։ Հիշենք նաև 1936 թվականին կնքված Մոնտրյոյի պայմանագիրը, որի համաձայն՝ Թուրքիան ինքն է  որոշում, թե ինչ ռազմական նավեր կարող են իր վերահսկողության տակ գնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով մտնել Սև ծով։ Անկարան մի կողմից արգելում է որոշ նավերի մուտքը, ինչն օգուտ է Ռուսաստանին, սակայն մյուս կողմից էլ ռուսական կողմին թույլ չի տալիս Սև ծովում կորցրած ռազմանավերը փոխարինել նորերով»,- պարզաբանեց թուրքագետը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ Ռուսաստանը որոշակի կախվածություն ունի Թուրքիայից, և հենց վերոհիշյալ հանգամանքներն են պատճառը, որ Մոսկվայում համաձայն են թուրքական միջնորդությանը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ 

Իսկ թե որքանով են անկեղծ թուրքական կողմի քայլերը, կամ Անկարան իսկապես շահագրգռված է կոնֆլիկտի շուտափույթ հանգուցալուծմամբ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամն է, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքը կազմող եվրոպական երկրները շահագրգռված չեն, որ հակամարտությունը լուծվի այնպես, որ հնարավորություն տա Ռուսաստանին ուժեղացնել իր դիրքերը։ 

«Ճիշտ հակառակը, Արևմուտքը ցանկանում է, որ ՌԴ-ն հնարավորինս թուլացած դուրս գա ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Նույն մոտեցումը կիսում է նաև Թուրքիան»,- եզրափակեց թուրքագետը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում