Թուրքիա

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն

4 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, որ Անկարայում կայացած հանդիպումը որոշել է դաշինքի զարգացման ուղղությունը նոր անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև վերահաստատել Թուրքիայի դիվանագիտության հեղինակությունն ու երկրի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկի։

Նրա հիշեցմամբ՝ Թուրքիան վերջին 22 տարվա ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և առաջին անգամ այն անցկացրել մայրաքաղաք Անկարայում։

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան պաշտպանական ծախսերի, ռազմական ներուժի և պաշտպանական արդյունաբերության զարգացման մակարդակով գերազանցում է դաշինքի բազմաթիվ անդամների։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի թվաքանակով երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը և տասնամյակներ շարունակ ապահովել է դաշինքի հարավարևելյան թևի անվտանգությունը։

Էրդողանի խոսքով՝ օգոստոսից Թուրքիայի F-16 կործանիչները կներառվեն Էստոնիայում ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունում, իսկ Թուրքիան մինչև 2026 թվականի սեպտեմբերը կղեկավարի ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում (KFOR)։ Նա նաև հայտնել է, որ 2028-2029 թվականներին Թուրքիան կգլխավորի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը։

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր փուլում եվրոպացի դաշնակիցները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն, իսկ Եվրոպական միության պաշտպանական նախաձեռնությունները պետք է լրացնեն, այլ ոչ թե կրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործունեությունը։

«ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված երկրների միություն, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների դաշինք»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև կոչ է արել հնարավորինս արագ և առանց նախապայմանների վերացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պաշտպանական արտադրանքի առևտրի սահմանափակումները։

Անդրադառնալով Ուկրաինային՝ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը հարթակ տրամադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։

«Արդար խաղաղության պայմաններում պարտվողներ չեն լինում»,- նշել է նա՝ հավելելով, որ պատերազմը վերածվել է մաշման պատերազմի, որն ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր է խլում։

Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանը չի դիմանա նոր հակամարտությունների։

«Իսրայելը ձգտում է ճնշել խաղաղության նույնիսկ ամենաչնչին հնարավորությունը՝ անկայունությունը դիտարկելով որպես սեփական անվտանգության հիմք։ Գազայում զոհվել է ավելի քան 73 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը երկու պետությունների սկզբունքի իրականացումն է»,– ասել է նա

F-35 կործանիչների՝ Թուրքիային հնարավոր մատակարարումների հարցին անդրադառնալով՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվում այդ հարցին։

«Ինձ թվում է, որ F-35-ների մատակարարումից հետո ամբողջ աշխարհը կասի՝ «Ամերիկան պահեց իր խոստումը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ ներկայումս ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, իսկ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև KAAN ազգային կործանիչի շարժիչների մատակարարման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ակնկալել, որ Եվրամիությունը 53 տարվա սպասումից հետո վերջապես կբացի անդամակցության դռները Անկարայի առջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում