Միրզոյանն ու Դոութին քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
1 րոպեի ընթերցում

Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր:
Նշվում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները։