8 րոպեի ընթերցում
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանությունը հանդիսավորությամբ նշեց պետության կազմավորման 54-ամյակը։ Ընդունելությանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև մշակութային ու գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեփսպան Նարիման Ալ-Մուլլան իր ելույթում նշեց, որ ԱՄԷ-ի և Հայաստանի միջև եղած առանձնահատուկ հարաբերություններն արտացոլում են դրանց ամուր բարեկամական բնույթը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա:
«Վերջին երեք տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել, ինչը դրսևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների տեմպի ակտիվացմամբ, որն իր գագաթնակետին հասավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄԷ կատարած առաջին այցով։ Այս պատմական այցը շրջադարձային և կարևոր հանգրվան դարձավ՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների համար առավել հեռանկարային հորիզոններ բացելուն։ Այս փուլի արդյունքում ստորագրվեցին նաև մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր տարբեր կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, սկսած մուտքի արտոնագրերի փոխադարձ ազատականացումից և վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչումից, մինչև գործարար և ներդրումային ոլորտներում գործընկերությունների ամրապնդում»,- ասաց դեսպանը։
Նրա համոզմամբ՝ երկկողմ համագործակցությունն արտացոլում է հարաբերությունների սերտացման և համագործակցության ամրապնդման միջոցով գործընկերության մակարդակն ավելի համափարփակ և ռազմավարական աստիճանի հասցնելուն միտված կամքը:
Դիվանագետի խոսքով՝ ներդրումային և առևտրային համագործակցության խթանման, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև ուղիղ հաղորդակցության ուղիների բացման շարունակական ջանքերի շնորհիվ՝ ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին ակնառու զարգացում են ապրել, որն արտահայտվել է առևտրաշրջանառության ծավալի զգալի աճով, ուղիղ չվերթների թվի ավելացմամբ, ինչպես նաև ՀՀ այցելող ԱՄԷ զբոսաշրջիկների թվի շարունակական աճով։ Այս ցուցանիշներն, ըստ նրա, վկայում են, որ դիվանագիտական ջանքերը հաջողել են տնտեսական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների հիմնական հենասյուներից մեկը դարձնելու գործում։
«Մենք ԱՄԷ-ում միտված ենք համագործակցության ավելի լայն հեռանկարներ բացելու նպատակով համատեղ աշխատանքը շարունակելուն և տարբեր ոլորտներում գործընկերություն հաստատելուն, մասնավորապես՝ առևտրատնտեսական, ներդրումային, ինչպես նաև էմիրաթական որակական փորձն ու գիտելիքը Հայաստան բերելու ուղղությամբ։ Սա ներառում է տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտը, որը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության է արժանանում երկրում»,- նշեց Նարիման Ալ-Մուլլան։
Դեսպանը հավելեց, որ ԱՄԷ-ի կառավարությունն ավելի քան 40 ազգային և օրենսդրական նախագիծ, նախաձեռնություն և փոխըմբռնման միջազգային հուշագիր է հաստատել՝ լավագույն ընկերությունները, ուղեղները, և ներդրումները ներգրավելու համար, որոնք առաջիկա երկու տասնամյակի ընթացքում կառավարելու են աշխարհը: ԱՄԷ-ն տարբեր միջազգային հարթակներում կարևորում է տնտեսական համագործակցության ու բազմակողմանի գոծընկերությունների կայացման նշանակությունը՝ ի նպաստ միջազգային բարգավաճման և խաղաղության:
Նարիման Ալ-Մուլլան հիշեցրեց, որ Աբու Դաբին 2025 թվականի հուլիսին հյուրընկալեց հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Նրա հավաստմամբ՝ այդ հանդիպումն արտացոլեց ԱՄԷ-ի անսասան քաղաքականությունը՝ աջակցելու խաղաղության ջանքերին, խթանելու կայունությունը և ամրապնդելու տարածաշրջանային բարգավաճման հիմքերը։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր:
«Հայաստանն ուշադիր հետևում է ԱՄԷ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ հարթակներում և տպավորված է Ձեր երկրի ղեկավարության և պետական ինստիտուտների հաջող աշխատանքով: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները կառուցել են ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով ինչպես միջպետական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա: Այս հանգրվանում կարևոր է վերարժևորել համատեղ անցած ուղին, գնահատել կատարված աշխատանքը և նախանշել առաջիկա ուղղությունները»,- ասաց ՆԳ նախարարը:
Նա հավելեց, որ անցած տարիների ընթացքում ծավալված հայ-էմիրաթական արգասաբեր փոխգործակցության արդյունքում գրեթե բոլոր բնագավառներում գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ, տեղի են ունեցել մի քանի տասնյակ բարձրաստիճան փոխայցելություններ, բազմաթիվ գործարար հանդիպումներ, երկուստեք մասնակցություն համաժողովներին և ցուցահանդեսներին, զարգացել է համագործակցությունը նաև միջազգային կազմակերպություններում։
«Բավարար է միայն նշել, որ ԱՄԷ-ն Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն է և գրանցվող ցուցանիշները տարեցտարի միայն բարելավվում են: Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավել էմիրաթական ներդրումներ, և ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ երկուստեք մեծ աշխատանքներ են տարվում: Լիահույս եմ, որ այս բնագավառում նույնպես մոտ ապագայում հաջողություններ կարձանագրենք: Մեր երկրների միջև ստորագրվել է շուրջ երեսուն կարևոր փաստաթուղթ՝ ձևավորելով իրավապայմանագրային ամուր հիմք երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության համար»,- ասաց Սարգսյանը:
Նախարարը հիշատակեց այս տարի ԱՄԷ կատարած այցը, որի ընթացքում ստորագրվեց վարորդական իրավունքների փոխճանաչման վերաբերյալ փոխըմբռնման համաձայնագիրը, որը կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունները:
ՀՀ և ԱՄԷ-ի միջև շարունակաբար ավելանում են զբոսաշրջային հոսքերը, երկու ժողովուրդների միջև անմիջական շփումները, որի վառ ապացույցներից է այս պահին շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթների առկայությունը։
«Թեև Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային փոխգործակցությունը շարունակաբար զարգանում է, հավատացած եմ, որ դեռևս առկա է հարաբերությունների խորացման չբացահայտված ներուժ: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով մեր երկու երկրների պետական մարմինների համագործակցությունը հնարավոր կլինի ինստիտուցիոնալ կերպով իրացնել և սերտացնել՝ նպաստելով հայ-էմիրաթական փոխգործակցության ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանը՝ բարձրացնելով հարաբերություններն ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի»,- եզրափակեց ՆԳ նախարարը: