Հայաստան

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ռիսկի գործոն լինել որոշ հիվանդությունների զարգացման համար․ մասնագետ

2 րոպեի ընթերցում

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ռիսկի գործոն լինել որոշ հիվանդությունների զարգացման համար․ մասնագետ

Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության մակարդակը ռիսկի գործոն է քաղաքացիների առողջության տեսանկյունից։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ռիսկի գործոն լինել որոշ հիվանդությունների զարգացման համար, մասնավորապես շնչառական, սիրտանոթային, ալերգիկ և այլն։  

«Իհարկե, ռիսկի գործոնը կա, դա ոչ ոք չի հերքում, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե օդը որ ցուցանիշներով է աղտոտված, ինչ ժամանակահատվածում։ Մենք գիտենք, որ հիվանդությունների առաջացման ու զարգացան պատճառները բազմագործոն են, այդ թվում՝ վարքագծային։ Եվ չի կարելի էլ ասել, որ հենց այս մի գործոնով պայմանավորված հիվանդության աճ կամ զարգացում կա»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը։ 

Մասնագետը նշեց, որ այս շրջանում կարևոր է հնարավորինս փակ պահել պատուհանները, հատկապես, հրդեհային տարածքներին մոտ գտնվող բնակավայրերում։ Դրանից բացի, չի խրախուսվում ֆիզիկական ակտիվությունը։ Կարևոր է, որ առողջության հետ կապված որոշակի անհանգստություն ունենալու դեպքում մարդիկ չզբաղվեն ինքնաբուժությամբ, այլ դիմեն մասնագիտացված կառույց։ 

Վերջին օրերին օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ պայմանավորված Արարատյան գոգավորության հատվածում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակն անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում