Մարզեր

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը բացարձակ մեծամասնությամբ համայնքը ղեկավարելու հայտ են ներկայացրել

6 րոպեի ընթերցում

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը բացարձակ մեծամասնությամբ համայնքը ղեկավարելու հայտ են ներկայացրել

Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր ընթանում են ավագանու ընտրությունները։ Համայնքի բնակիչներն առավոտից կատարում են իրենց քաղաքացիական պարտքը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանն իր ընտրությունը կատարեց 10։00-ին Արագած համայնքի ընտրատեղամասում։

«Սահմանված ժամանակահատվածում իրականացրել ենք լիարժեք քարոզարշավ հանուն մեկ բանի, որպեսզի ստանանք վաղարշապատցիների բացարձակ վստահությունը։ Այդ հույսով էլ այսօր քվեարկեցի ընտրատեղամասում։ Ընտրությունները դեռ ավարտված չեն, հայտնի չէ, թե որ քաղաքական ուժերը կհաղթահարեն նվազագույն շեմը, հետևաբար հետընտրական գործընթացներում այս կամ այն ձևաչափով համագործակցելու մասին դեռ վաղ է խոսել։ Ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին և Վաղարշապատում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում բազմաթիվ առիթներ եմ ունեցել հանդիպելու բնակիչների հետ։ Նրանք տեսել են մեր կատարած աշխատանքները, ուստի հույս ունենք ստանալ նրանց բացարձակ քվեն»,- ասաց Մեխակյանը։ 

Նա հավելեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, ուստի քվեարկող քաղաքացիները կարող են հստակ պատկերացում կազմել, թե ովքեր են վաղարշապատցու խնդիրներին վերաբերող ավելի ընդգրկուն ծրագրեր ներկայացրել։  

«Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փայտյանն իր ընտրությունը կատարեց Էջմիածին քաղաքի թիվ 20 ընտրատեղամասում 11։00-ին։ Նա հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում թիմակիցների հետ ակտիվորեն հանդիպել է տարբեր համայնքների բնակիչների հետ՝ ներկայացնելով իրենց ընտրական ծրագիրը։   

«Այդ աշխատանքի շնորհիվ է, որ մեր համակիրներն ակտիվորեն մասնակցում են այս կարևոր ընտրությանը։ Հույս ունենք, որ մասնակցությունը կլինի բավականին լավ։ Մեր ընտրարշավի ողջ ընթացքում մարդկանց հորդորել ենք ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի նրանք կարողանան իրենց իրավունքները պաշտպանել և չկորցնել իրենց ձայնը»,- ասաց Փայտյանը։

Նա հավելեց, որ ընտրական շեմը հաղթահարելու դեպքում իրենք համագործակցելու են բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ «Ժառանգության» թեկնածուն հավաստիացրեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց նկատմամբ քաղաքական ճնշումներ չեն եղել։ 

«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Ընտրվելու դեպքում կշնորհավորենք մեր ժողովրդին, քանի որ դա կլինի հաղթանակ ապահով ապագայի համար։ Մեր հետագա քայլերի հաջորդականությունը կախված կլինի ընտրության արդյունքներից։ Մեր ծրագրում կան բազմաթիվ կետեր, որոնք ժողովրդի մեջ պահանջված են, ընդունվել են մեր համակիրների կողմից։ Մեր ծրագրի գլխավոր նպատակը Վաղարշապատ խոշորացված համայնքի բարեկեցությունն է ու զարգացումը։ Այս ընտրությունները մարդկության վերջը չեն, կյանքը հետայսու էլ շարունակվելու է բնականոն հունով»,- ասաց Փայտյանը։ 

«Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանն իր ընտրությունը կատարեց Էջմիածին քաղաքի թիվ 4 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում 12։00-ին։ 

«Ես քվեարկել եմ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության օգտին։ Արդյունքերի մասին խոսելը դեռ վաղ է։ Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել ընտրությանը։ Նրանք պետք է գիտակցեեն, որ իրենց քվեից է կախված իրենց ապագան։ Վախով կամ խաթրով ընտրության գնացողների ճանապարհը փակելու միակ արդյունավետ տարբերակն ակտիվ մասնակցությունն է ընտրական գործընթացին և քվեարկությանը։ Ես միանշանակ պնդում եմ, որ գնում եմ 50+1 տոկոս քվե ստանալու և մեր խոշորացված համայնքը բացարձակ մեծամասնությամբ ղեկավարելու։ Մենք պատրաստվում ենք Վաղարշապատը Գյումրի-2 չդարձնել։ Այս պահին լուրջ և շոշափելի խախտումներ չենք արձանագրել։ Իրավապահ մարմինները պետք է գնան բոլոր խախտումների հետևից և չլինելով լոկ արձանագրող՝ կատարեն կանխարգելիչ գործառույթներ»,- ասաց Մկրտչյանը։  

Նա հավելեց, որ բացարձակ հաղթանակ չտանելու դեպքում հետագայում բացառում է համագործակցությունը ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժերի, ինչպես նաև ռուսական կողմնորոշում ունեցող կուսակցությունների հետ։ 

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում են 7 կուսակցություններ և մեկ կուսակցությունների դաշինք․ «Հայրենիք» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Համահայկական ճակատ» կուսակցություն և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։ 

Ընդհանուր առմամբ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում այսօր բացվել են 47 ընտրատեղամասեր։ 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում