Ռուսաստանը և ԱԷՄԳ-ն քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնումը
1 րոպեի ընթերցում

Կալինինգրադում կայացած խորհրդակցությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հատուկ ուշադրություն են նվիրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Ռոսատոմ»-ը։
Ռուսաստանի և ԱԷՄԳ-ի պատվիրակությունները՝ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, նոյեմբերի 14-ին, խորհրդակցություններ են անցկացրել Կալինինգրադում։
«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման հարցին՝ երկու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի՝ «Դնեպրովսկայա»-ի և «Ֆերրոսպլավնայա-1»-ի վերանորոգումից հետո», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Գրոսիին և ԱԷՄԳ-ի փորձագետներին՝ վերանորոգման աշխատանքները հնարավոր դարձնելու նպատակով հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված ջանքերի համար։
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում` 2022 թ. մարտին, Զապորոժիեի ԱԷԿ-ն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։