Տնտեսություն

ՀԾԿՀ-ն մերժեց Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ հայտնելու «Տաշիր կապիտալ»-ի միջնորդությունը

3 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն մերժեց Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ հայտնելու «Տաշիր կապիտալ»-ի միջնորդությունը

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպյանը կողմնակալ է՝ նշելով մի շարք հանգամանքներ։

Նա ասաց, որ 2020-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ գործող իշխանության կողմից, 2023 թվականից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ունի խնամիական կապ Երկրապահ կամավորականների միության  նախագահ Սասուն Միքայելյանի հետ։ 

Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց ընդմիջում՝ ներկայացված միջնորդությունը քննարկելու համար։ 

Քննարկումից հետո ՀԾԿՀ անդամները քվեարկությամբ մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։

Նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։ 

 Հանձնաժողովի որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 

2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։  

Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։  

ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում