ԿԲ նախագահը Սյունիքի մարզում մասնակցել է բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության թեմայով համաժողովի
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը, միջոցառմանը մասնակցել են Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել Սյունիքի տնտեսական ներուժը և քննարկել բիզնեսի ֆինանսավորման արդյունավետ գործիքներն ու համագործակցության ձևաչափերը։
Միջոցառումը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյի բացմամբ, որին հետևել են թեմատիկ քննարկումներ՝ նվիրված Սյունիքի բիզնես միջավայրի առանձնահատկություններին և պետական աջակցության ծրագրերին։
Համաժողովի ընթացքում մասնակիցները շեշտել են բիզնեսի զարգացման և ֆինանսական ներառականության բարձրացման գործում բանկային համակարգի ու պետական կառույցների համագործակցության կարևորությունը։