Եվրոպա

ԵՄ-ն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ ընդունվել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ 

«Մենք հենց նոր ընդունեցինք պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Դրանք ուղղված են ռուսական բանկերի, կրիպտոբորսաների, Հնդկաստանում և Չինաստանում գործող կառույցների դեմ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա X սոցիալական ցանցում։

Կալասը հավելել է, որ նոր պատժամիջոցներով կրճատվում է Ռուսաստանի դիվանագետների՝ Եվրամիության տարածքում տեղաշարժվելու հնարավորությունը։

Bloomberg գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների 19-րդ փաթեթն «արգելք է սահմանում օգտագործված ռուսական ինքնաթիռների և նավերի վերաապահովագրման վրա, լիովին արգելափակում է հինգ ռուսական բանկերի համար գործառնությունները, ինչպես նաև երկարաձգում Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի և Բելառուսում ու Ղազախստանում երրորդ երկրների բանկերի հետ տրանզակցիաների արգելքը»։ 

Գործակալության տեղեկատվության համաձայն, սահմանափակող միջոցառումները կվերաբերեն նաև «45 ձեռնարկությունների, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները»։ Դրանց շարքում են Չինաստանի 12 ընկերություններ։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ հաստատված փաթեթն առաջին անգամ միջոցներ է նախատեսում ռուսական գազի հատվածի դեմ։

«Առաջին անգամ մենք գործում ենք ռուսական գազի հատվածի՝  Ռուսաստանի ռազմական տնտեսության սրտի դեմ», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ընդհուպ մինչև երկարատև խաղաղության հաստատում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում