Թատրոնը՝ բարոյականության վայր. Հրազդանի կամերայինը հյուրախաղերով կլինի Երևանում

8 րոպեի ընթերցում

Նախորդ ամիս թատերասեր հասարակությանը հաճելի նորություն էր սպասվում. Կոտայքի մարզում բացվեց Հրազդանի կամերային թատրոնը։ Արդեն իսկ թատերական ավանդույթներ ձևավորած Հրազդանում կամերային թատրոնը խոստանում է նորարարական ու հետաքրքիր մոտեցումներով ներկայացումներով նոր շունչ հաղորդել քաղաքին։

«Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի առաջիկա ծրագրերի մասին զրուցել է Հրազդանի կամերային թատրոնի հիմնադիր և պրոդյուսեր Շահեն Փանոսյանի հետ։

Ինստիտուտում սովորելու տարիներից Փանոսյանը երազել է իր հայրենի քաղաքում՝ Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում, որտեղ սովորել է, կամերային թատրոն հիմնադրել։ «Ժամանակին այնտեղ գործում էր Գևորգ Կարապետյանի թատերախումբը՝ բաղկացած արվեստի դպրոցի սաներից։ Նրանց մեջ մասնագիտական կրթություն ունեցող դերակատարը հավանաբար միայն ես էի։ Կարապետյանին համարում եմ իմ մեծ ուսուցիչը և ցանկանում էի օրերից մի օր նրա նպատակն իրականացնել. հաջողեցի»,-հիշում է Փանոսյանը։

Կամերային թատրոնի ստեղծման արդյունքում արվեստի դպրոցի դահլիճը, որն ունի 200 նստատեղ, վերանորոգվել է համայնքապետի աջակցությամբ։ Շահեն Փանոսյանին աջակցել են ոչ միայն ֆինանսապես, այլև  հոգեպես։ Նրա կողքին են եղել նաև մտերիմները, ընկերները, որոնք հավատացել են թատրոնի գաղափարին։ «Չենք բավարարվի նրանով, ինչ կա. նպատակ ունենք մեծացնել թատրոնը, նրա ազդեցությունն ու նշանակությունը բոլորի համար»,-ասում է Փանոսյանը։

Հրազդանի կամերային թատրոնը բաց է աշխարհի բոլոր դրամատուրգների առաջ, բայց անպայման կունենա առաջնահերթություններ։ «Ամեն թատրոն իր ձևաչափը որոշում է՝ հաշվի առնելով վայրը, որտեղ գտնվում է, դահլիճի մեծությունը և այլ հանգամանքներ։ Հրազդանը փոքր քաղաք է, ունի մեծ դրամատիկական թատրոն, ուստի մենք մեր գոյությունը պահպանելու համար այլ ձևաչափ ենք ընտրել. կամերային բառն արդեն ենթադրում է, որ սա փոքր տարածության մեջ ստեղծագործական գործունեություն ծավալող թատրոն է»,-նշում է հիմնադիրն ու հավելում՝ երբ ստիպված են լինում տասը դերակատարի համար նախատեսված պիեսը դարձնել երեք դերակատարի գործ, առաջ են գալիս պայմանականությունները։ 

Ըստ նրա՝ ժամանակակից թատրոնի ձևն է այդպիսին. եթե ռեժիսորը չի մտածում նորարարության, հետաքրքիր ձևերի, լուծումների մասին,  այնքան էլ լավ բեմադրիչ չէ։ «Թատրոնի դասական ձևը՝ հիմնված Ստանիսլավսկու համակարգի վրա, այսօր շատ լավ պահպանում է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը։ Այդ ձևը չի հնանա, որովհետև դասականը միշտ արդիական է, բայց չպետք է միակը լինի։ Մեր հանդիսատեսը պետք է մասնակից լինի նորարարությանը և նոր ձևաչափերով կարողանա գնահատել փիլիսոփայությունը, գեղեցիկը, բարոյականությունը, քանի որ թատրոնը բարոյականության վայր է»,-վստահեցնում է Փանոսյանը։

Թատրոնի հիմնադրի մտահոգություններից մեկն այն է, որ քաղաքում պրոֆեսիոնալ դերասանները շատ չեն։ Նրանց մեծ մասն արդեն խաղում է Հրազդանի դրամատիկական թատրոնում։ «Կան նաև դերասաններ, որոնք լավ արդյունքի են հասնում և ժամանակ չեն գտնում Հրազդանում ներդրում անելու համար՝ նույնիսկ բարձր գումարով։  Ոմանք էլ Հրազդանը համարում են գավառ, ինչն այդպես չէ։ Եթե անգամ գավառ է, ուրեմն մենք այն պետք է քաղաք դարձնենք։ Եթե մենք դա չանենք, ոչ ոք չի անի»,-նշում է նա և տեղեկացնում, որ երկու նոր ներկայացում են պատրաստում, որոնցում զբաղված դերասանների մեծ մասը  Երևանից է։

Փանոսյանը հույս ունի, որ հետագայում իրենց թատրոնը կունենա թատերախումբ, որի կորիզը կդառնան Կոստան Զարյանի արվեստի դպրոցի թատերական խմբի ուսանողները։ Կարծում է՝ դպրոցի սաները, ոգևորվելով թատրոնի ստեղծման փաստից, կդառնան նրա մի մասնիկը, որովհետև նրանց աչքի առաջ է ամբողջ գործընթացն ընթանում։ «Մենք նրանց կամաց-կամաց կներգրավվենք թատրոնի աշխատանքներում, և նրանք կդառնան թատրոնի առաջին տեղաբնակները»,-ասում է Փանոսյանը։

Թատրոնում սպասվող ներկայացումներից մեկի բեմադրիչն Իշխան Ղարիբյանն է։ Նա աշխատում է կատակերգության շուրջ, սակայն Փանոսյանը չի բացում բոլոր փակագծերը, միայն նշում է, որ ներկայացման մեջ երեք դերասան է զբաղված լինելու։ Անակնկալ ունեն նաև փոքրիկ հանդիսատեսի համար. աշխատում են «Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացման վրա։  «Գունագեղ, հետաքրքիր բեմադրություն է լինելու։ Ըստ իս՝ մեր էպոսը փոքրիկներին շատ է դուր գալու այս մեկնաբանությամբ։ Սասունցի Դավթին այլ տեսանկյունից ենք բացահայտելու»,-ասում է նա։

Փանոսյանի խոսքով՝ այսպես, թե այնպես թատրոնը կրթադաստիարակչական բնույթ ունի, սակայն պարտադիր չէ, որ թատերական գործիչները հատուկ մտածեն այդ մասին, որովհետև հենց ինքը թատրոնն է այդպիսին. մարդկանց համախբում է մի վայրում և նրանց հետ խոսում է արվեստի լեզվով, որն ազդեցություն գործելու ամենաարդյունավետ միջոցն է։

«Հենց ռեժիսորը կամ դերասանը սկսեցին հատուկ մտածել այդ ուղղությամբ, կեղծ կդառնան։  Ինչքան հնարավոր է պետք է մոռանալ թատրոնի կրթադաստիարակչական գործառույթի մասին և զրուցել հանդիսատեսի հետ։ Այդ շփումն ավելի բնական կլինի, և երկխոսությունը կկայանա»,-հավաստիացնում է թատրոնի հիմնադիրը։

Շահեն Փանոսյանը թատրոնը բացելիս մտածել է հայ դասականների գործերը բեմադրելու մասին և փորձել է հասկանալ, թե հասարակությունն ինչի կարիք ունի։ «Թատրոնը հոգեթերապևտիկ բնույթ ունի և պետք է նաև հոգսերից ու դարդերից խոսել։ Հաջորդ տարի նախատեսում ենք բեմադրել Չարենցի «Երկիր Նաիրի»-ն։ Դա ամենաակտուալ թեմաներից է, հավանաբար հենց մեր մասին խոսող ամենալավ ստեղծագործությունն է։ Ուզում ենք Չարենցի լեզվով անկեղծ խոսել երկիր Նաիրիի մասին առանց պաթետիզմի ու լացուկոծի։ Դա կդառնա հաջորդ տարվա ամենամասշտաբային գործերից մեկը»,-ընդգծում է Փանոսյանը։

Թատրոնը բացվել է ռեժիսոր Արմեն Մարգարյանի «Շտապիր սիրել» կատակերգությամբ։ Այն թարգմանվել է «Քաղցր նոյեմբեր» ֆիլմի սցենարից, որի հեղինակը Հերման Ռաուչերն է։ Ռաուչերն այն գրել է որպես պիես, սակայն չի կարողացել բեմադրել և շատ մատչելի գնով վաճառել է հոլիվուդյան կինոընկերություններից մեկին, ինչի արդյունքում նկարահանվել է ֆիլմը։

Փանոսյանը կարծում է՝ ներկայացումը ստացված է, Հրազդանի հանդիսատեսը շատ գոհ է եղել, ուստի ցանկանում են այն խաղալ  նաև Երևանում։ Ներկայացումը Երևանի «Մետրո» թատրոնի բեմում կլինի նոյեմբերի 28-ին ժամը 19։00-ին։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, մեզ հավատացող մարդկանց։ Եթե նրանց բարի կամքն ու օգնությունը չլինեին, չէինք հաջողի։ Մեր ոգևորությունը շատերին է փոխանցվել. թատրոնի բացման շնորհիվ վերանորոգվում է արվեստի դպրոցի ամբողջ շենքը, լուսավորվում են շենքի բակն ու ամբողջ տարածքը»,-եզրափակում է Շահեն Փանոսյանը։

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ