Հայ և օտարազգի առաջատարները՝ մեկ հարթակում. Երևանում մեկնարկում է Նորաձևության շաբաթը

8 րոպեի ընթերցում

Նորաձևության շաբաթը վերադառնում է` մեկ տանիքի ներքո համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների, ազդեցիկ հյուրերի և նորաձևության սիրահարների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառումը, որը կանցկացվի հոկտեմբերի 23-26-ը, պաշտոնապես իրականացվում է 2023 թվականից՝ նպատակ ունենալով զարգացնել հայկական նորաձևությունը և այն ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում, իսկ Երևան քաղաքը աստիճանաբար դասել նորաձևության շաբաթ հյուրընկալող քաղաքների շարքում։  

Նախագիծն իրականացնում է Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը՝ միջոցառման գլխավոր հովանավոր և գործընկեր Երևանի քաղաքապետարանի,  միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցությամբ։

Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Արաքսի Խոյլունցի խոսքով՝ Նորաձևության շաբաթն իրադարձություն է, որը հայ և օտար դիզայներներին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց աշխատանքը, իսկ նորաձևության սիրահարների համար ժամանակակից թրենդները բացահայտելու առիթ է դառնում։

«Նորաձևության շաբաթը մեծ ազդեցություն է ունենում նաև զբոսաշրջության զարգացման վրա։ Մենք հյուրընկալում ենք բազմաթիվ օտարերկրյա հյուրերի։ Միջոցառումը մի հարկի տակ համախմբում է մշակույթը, զբոսաշրջությունը, արվեստը, նորաձևությունը՝ Երևանը դարձնելով նորաձևության մայրաքաղաք»,-ասաց նա։

Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Նորաձևության շաբաթի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ցուցադրությունը նվիրված կլինի նորաձևության և արվեստի երկխոսությանը։ Հաջորդ օրերին «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում կազմակերպվելու են դիզայներների ցուցադրությունները,  պանելային քննարկումները և այլն։

«Նոր անուններ բացահայտելու համար ունենք հատուկ հարթակներ. դիմումների թվից երևում է, որ տարեցտարի հետաքրքրվածների քանակը մեծանում է։ Եթե առաջին տարին երիտասարդ դիզայներների մրցույթին մասնակցելու դիմումները  դժվարությամբ էինք հավաքում, գնում էինք համալսարաններ, ներկայացնում մեր ծրագրերը և այլն, ապա այժմ նրանք տեղեկացված են, պատրաստված են ու սպասում են, որ հայտերի ընդունումը բացվի և դիմում ներկայացնեն, ինչը նշանակում է, որ կա պոտենցիալ և ներկայանալու հնարավորություն»,-ընդգծեց Խաչատրյանը։

Անդրադառնալով շաբաթվա ընթացքում ներկայացված բրենդներին՝ Խաչատրյանն ասաց՝ իրենց համար կարևոր է, որ մասնակիցներին տրվեն հավասար պայմաններ, և մրցույթը լինի թափանցիկ, ուստի, երբ դիմում են իրենց, դիտարկում են բոլոր դիմորդներին, սակայն միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում ընտրվում են այն միջազգային բրենդները, որոնք լավագույնս կներկայացնեն Հայաստանի նորաձևությունը։ «Եթե լինում են բրենդներ, որոնց ստիպված մերժում ենք, պատճառաբանում ենք մերժումը, խնդրում աշխատել թերացումների վրա, աջակցում ենք նրանց, որպեսզի հաջորդ տարի համապատասխանեն ու մասնակցեն։ Աճն ակնհայտ է, որի ապացույցը նաև էքսպոն է։ Եթե անգամ չեն ներկայանում  ցուցադրություններով, հավաքածուները ցուցադրում են էքսպոյի շրջանակում։ Ունենք 60 բրենդ, ինչը բավականին մեծ թիվ է»,-շեշտեց նա և հավելեց՝ վստահ է, որ հաջորդ տարի ավելի մեծ թվով մասնակիցներ կլինեն։

YFW 2025-ը կլուսաբանվի նորաձևության լավագույն միջազգային և տեղական մեդիայի կողմից՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile, Fucking Young, White Milano, Tranoi և այլն:

Նորաձևության և հագուստի պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանն առանձնահատուկ համարեց Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթը, որը ներկայանալու, փորձ ձեռք բերելու, արտերկիր մեկնելու հնարավորություն է տալիս։

«Այս տարի 50 հայտ ենք ստացել։ Հայտերը վերլուծում և գնահատում է միջազգային ժյուրին։ Ժյուրին արդեն ընտրել է ութ ֆինալիստի։ Մեզ միացել են միջազգային կառույցներ, որոնք պատրաստ են աջակցել երիտասարդներին և նրանց մրցանակներ տրամադրել։ Բացի հիմնական մրցանակից, որը Բրիտանական խորհուրդն է տրամադրում, այս տարի ունենք մեծ մրցանակ, որը տրամադրում է իտալական խոշոր ինստիտուտը՝ Polimoda-ն, որի տնօրենը ներկա է լինելու Նորաձևության շաբաթին, աշխատելու է ֆինալիստների հետ և մրցանակ է տրամադրելու լավագույնին։ Հաղթողը մեկ ամիս վերապատրաստում է անցնելու Իտալիայում։ Մեծ մրցանակը կտրամադրի Երևանի քաղաքապետը։  Դիզայներներից մեկին կհատկացվի 1 մլն դրամական օգնություն՝ իր գաղափարներն ու բիզնեսը  զարգացնելու, սեփական հավաքածուն ստեղծելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ Ղարաբաղից տեղահանված չորս մասնակցի էլ գումարային մրցանակ կտրամադրվի՝  իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով, իսկ այդ հարցում իրենց աջակցում է  GIZ-ը։ 

Yerevan Fashion Week 2025-ի շրջանակում սպասվում են ավելի քան 20 հայ և միջազգային (ԱՄԷ-ից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ռուսաստանից) դիզայներների հավաքածուների ցուցադրություններ` նորարարության, կայունության, մշակութային ինքնության շեշտադրմամբ։

Կլինի Fashion Expo ցուցահանդեսային տարածք՝ ավելի քան 60 հայկական և միջազգային բրենդների համար: Այս ձևաչափը հնարավորություն կտա կազմակերպություններին ներկայացնել հավաքածուները, կապեր և նոր համագործակցություններ ստեղծել, իրականացնել վաճառքներ, բարձրացնել իրենց ապրանքանիշների տեսանելիությունը, շփվել հրավիրված միջազգային հյուրերի, ոլորտի փորձագետների հետ, կիսվել փորձառությամբ։ 

Fashion Talks-ի շրջանակում շուրջ 15 պանելային քննարկումներ կլինեն նորաձևության միջազգային հեղինակավոր հյուրերի հետ հետևյալ թեմաներով՝ ոճավորում, լուսանկարչություն, կայունություն, ՏՏ և նորաձևություն, պորտֆոլիոյի ստեղծում և այլն։ 

Նախատեսվում են հատուկ նախագծեր՝ CRELAB Տավուշ և Կոտայք մարզային կենտրոնների  ստեղծած  ցուցադրություն և ցուցահանդես, Pepsi x YFW մրցույթ, Denim Cycle ցուցադրություն։ 

Կլինեն After Party միջոցառումներ, հյուրասիրություններ, երեկույթներ` համագործակցության և կապերի ստեղծման հնարավորություն ընձեռելու տեղական և միջազգային ոլորտի ներկայացուցիչների միջև։

«Երևանի նորաձևության շաբաթ»-ն ահռելի ազդեցություն է ունենում նաև տուրիզմի զարգացման վրա․ բազմաթիվ օտարերկրյա հյուրերի մասնակցությունը, նրանց լուսաբանումները մշակութային համալիրների, ժամանցային վայրերի, հյուրընկալության,  միջոցառումների վերաբերյալ, բարձրացրել են Երևանի՝ որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղության վարկանիշը և տեսանելիությունը։ Միջոցառումը խթանում է տեղական արտադրանքի զարգացումը՝ ցույց տալով, որ Երևանը պատրաստ է հյուրընկալել և կազմակերպել միջազգային չափանիշներով անցկացվող միջոցառումներ և, որպես զբոսաշրջային ուղղություն, կարող է գրավիչ լինել այդ տեսանկյունից ևս։ 

Հայերեն Türkçe

Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն

Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

Հուլիսի 3-ից Հայաստանում եղանակը կփոխվի․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի