Պակիստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Երևանի ու Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը
1 րոպեի ընթերցում

Պակիստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալբերտ Խորևը գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ՝ մատնանշելով, որ դա Իսլամաբադին հնարավորություն է տալիս ակտիվացնել իր փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանն ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։
«Ուրախալի է նշել, որ Պակիստանի և Հայաստանի միջև վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո մենք չենք տեսնում որևէ գործոն, որը կխոչընդոտի Պակիստանի ակտիվ ներգրավվածությանը ԵԱՏՄ-ին, այդ թվում՝ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»,-ասել է ՌԴ դեսպանը։
Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ օգոստոսի 31-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարը։ Բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր են ստորագրել։