Մարզեր

Եվրամիության աջակցությամբ Գորիսում բացվել է ավագ սերնդի կենտրոն

3 րոպեի ընթերցում

Եվրամիության աջակցությամբ Գորիսում բացվել է ավագ սերնդի կենտրոն

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի է ունեցել ավագ սերնդի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Կենտրոնի նպատակն է տարեցների համար ժամանցի ապահովումը, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման հնարավորության ընձեռումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Կենտրոնը հիմնադրվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։  

Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել Սյունիքի մարզում լրագրողական շրջայցի մասնակիցները. այցը կազմակերպել է ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը՝ ներկայացնելու «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մարզում  իրականացվող ծրագրերին։ 

Կենտոնի բացումն ազդարարել և կարմիր ժապավենը կտրել են ՀՀ-ում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։ 

Winnet Goris զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կենտրոնը իր կառուցվածքով և բովանդակային առումով տարբերվում է նմանատիպ մյուս կենտրոններից։ 

«Այն պետք է լինի ցերեկային ժամանցի և հոգածության կենտրոն, որտեղ տարեցները պետք է միմյանց հետ փորձ փոխանակեն, ժամանակ անցկացնեն, օգտվեն տարբեր տեսակի ծառայություններից։ Նախագծում ներգրավված է 100 մարդ, որոնց մեծ մասը հիմնականում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ և միայնակ տարեցներ են։ Քանի որ հնարավոր չէ բոլորին միանգամից նույն տարածքում տեղավորել և ապահովել նրանց ժամանցը, մենք նախատեսել ենք տարբեր պարապմունքներ, ժամանցի տարբեր միջոցառումներ և ունենք հստակ գրաֆիկ։ Ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են իրենց նախասիրությունների հիման վրա ընտրել ծառայություններ և ժամանակ անցկացնել»,- ասել է Տոռոզյանը։

Նա ներկայացրել է, որ Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները բազմատեսակ են. ունեն ժամանցային միջոցառումներ, ձեռարվեստի ակումբներ, խոհանոցային մաս։  

«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրել է, որ «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի թիվը գերազանցում է 80-ը՝ 200 միլիոն եվրո ներդրմամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում