Արարատ Միրզոյանն ու Աստրիդ Շումեյքերը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է շոշափելի աշխատանք՝ միջոցառման բովանդակային ու տեխնիկական նախապատրաստման ուղղությամբ՝ միտված հավակնոտ ու ներառական համաժողովի անցկացմանը:
Արարատ Միրզոյանը և Աստրիդ Շումեյքերը մտքեր են փոխանակել համաժողովի հաջող անցկացմանը նպաստող և ընդհանուր առմամբ ՄԱԿ շրջանակներում փոխգործակցությունը խթանող գաղափարների շուրջ՝ ընդգծելով դրանց կյանքի կոչման հարցում ՀՀ և կոնվենցիայի քարտուղարության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը: