2 րոպեի ընթերցում
Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի սկզբում համայնքի ղեկավարը ներկայացրել է ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձել համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին:
Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրել են քննարկման դրված հարցերը:
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանի ներկայացմամբ՝ Սևան համայնքի 2025թվականի բյուջեի 9 ամսվա եկամուտների պլանը կատարվել է 88,8 տոկոսով, կամ պլանավորված 2 միլիարդ 88 միլիոն 16.5 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 854 միլիոն 354,3 հազար դրամ։ Թերակատարումը կազմել է 233 հազար 662.2 հազար դրամ կամ 11,2 տոկոս։
Հաշվի առնելով 2025 թվականին համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացը և դրա արդյունքները՝ ավագանին համապատասխան որոշմամբ սահմանեց Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը:
Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Սևան համայնքում առանձնացվեցին տեղեր և կատարվեց տեղհատկացում:
Համայնքի ավագանու անդամները համապատասխան որոշումներ կայացրին օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ:
Օրակարգային հարցերի սպառումից հետո ներկայացվեցին համայնքի ավագանուն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հասցեագրված դիմումները, ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից ներկայացված զեկուցագրերը, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու 2025 թվականի նոյեմբերի 18-ին: