Շիրակի մարզպետարանը վերահսկողություն է իրականացնում մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը՝ մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են մարզպետարանի քաղաքաշինական և տնտեսական զարգացման ոլորտների պատասխանատուներ։ 

Այս անգամ աշխատանքային խումբը տեղում հետևել է Մ-7՝ /Մ-3/-Սպիտակ-Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 0,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 192 մլն դրամ։ 

Այց է կատարվել նաև Ազատանի միջնակարգ դպրոց։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցի շինաշխատանքներն  ավարտական փուլում են։ Իսկ դպրոցի հին մասնաշենքի վերանորոգման համար նախատեսվել է 165 մլն 383 հազար դրամ՝ պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: 

Խումբը հետևել  է նաև Արթիկ համայնքի Հայրենյաց բնակավայրում կառուցվող կրթահամալիրի շինաշխատանքներին, որոնց պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 485 մլն 986 հազար դրամ։ Դիտարկվել են կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ հարցեր շինարարի հետ։ Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը շինարարներին փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ աշխատանքները որակով և սահմանված ժամկետներում ավարտելու համար: 

Աշխատանքային խումբը հետևել է նաև «Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրով Հայրենյացում իրականացվող աշխատանքներին։ Ենթածրագրի արժեքը 18,5 մլն դրամ է, գումարի 55 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու, անցկացվելու է շուրջ 1600 մետր գազատար։  

Պետական միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի վերանորագման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 165 մլն 582 հազար դրամ է, այստեղ ևս մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շինարարի հետ զրույցում կարևորել են աշխատանքներում հետևողականությունն ու պատասխանատու մոտեցումը։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմի տեղեկատվության բաժնից, շրջայցերը կրելու են պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով ապահովել շինարարական ծրագրերի թափանցիկությունը, արդյունավետ ընթացքն ու ժամկետների պահպանումը:

Հայերեն