Քաղաքականություն

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը կախված է ինչպես ԵՄ ընդլայնման քաղաքականությունից, այնպես էլ Հայաստանի ժողովրդի որոշումից։ ՀՀ կառավարության ռազմավարական նպատակն է երկրի և ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Radio France International-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի վերջնական նպատակը ԵՄ անդամակցությունն է, և ինչ ժամկետներում այն կարող է իրականանալ։

Վարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ ընդունվել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ անդամակցել ցանկացող երկրի ցանկությունը բավարար չէ․ Եվրամիությունը նույնպես պետք է որոշում կայացնի իր ընդլայնման վերաբերյալ։

«Մեր նպատակն այն է, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա որոշել՝ Հայաստանը մնա Եվրասիակա՞ն տնտեսական միության անդամ, լինի Եվրոպակա՞ն միության անդամ, թե չլինի ոչ Եվրոպական միության, ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ընդ որում՝ ամեն դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը բարեփոխելու ենք Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցմամբ»,– նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, հարցը կրկին կախված կլինի երկու կողմերից՝ Եվրամիության՝ Հայաստանին ընդունելու պատրաստակամությունից և Հայաստանի ժողովրդի քվեարկությունից։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն ունենալը Հայաստանի համար օգտակար կլինի նույնիսկ այն դեպքում, եթե երկիրը ԵՄ անդամ չդառնա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում