Վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնը
6 րոպեի ընթերցում

Վերանորոգումից հետո հոկտեմբերի 9-ին վերաբացվեց Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից իրականացվել են կենտրոնի վերանորոգման և կահավորման աշխատանքները՝ հաշվի առնելով բնակիչների կարիքները, անվտանգությունն ու հավասարության ապահովման սկզբունքը։
Վերանորոգման արդյունքում բարելավվել են կենտրոնի բնակիչների կենցաղային պայմաններն ու կյանքի որակը, ստեղծվել է հարմարավետ և բարենպաստ միջավայր, որտեղ յուրաքանչյուրն ունի իր անձնական տարածքը։ Այս գործընթացում մեծ ուշադրություն է դարձվել ընտանեկան միջավայր ստեղծելուն, ինչը նպաստում է բնակիչների հոգեկան ու ֆիզիկական բարեկեցությանը։ Աշխատանքներն իրականացվել են առանց խոչընդոտելու բնակիչների բնականոն կյանքը։
Կենտրոնի վերաբացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և այլ հյուրեր։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնը ունի 160 շահառու, որոնցից 16-ը ստանում է անկողնային խնամք։ Շահառուների ընտրությունն իրականացվում է պետության անմիջական ուղղորդմամբ և օժանդակությամբ։
«Հայկական Կարմիր խաչը՝ հաշվի առնելով տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները, ձգտում է ապահովել միջազգային ստանդարտներին համահունչ բարձրորակ խնամք։ 2020 թվականից ի վեր, մեր գործընկերների՝ Շվեյցարական Կարմիր խաչի, Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիայի զարգացման գործակալության, Իտալական Կարմիր խաչի, Լիխտենշտեյնի Կարմիր խաչի և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվել են բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ և բարեփոխումներ։ Վերանորոգվել են երկհարկանի երեք բնակելի հատվածներ, խոհանոցը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի մեկ հարկը ներկայումս ծառայում է անկողնային խնամք պահանջող շահառուներին։ Մասնաշենքերը հագեցվել են նպատակային գույքով և սարքավորումներով՝ ապահովելով կեցության և բարեկեցության անհրաժեշտ պայմաններ։ Մատուցվող ծառայությունների որակի բարելավման շրջանակներում մշտապես իրականացվում են աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրեր։ Մեր տեսլականն է՝ ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր տարեց մարդ կարող է ապրել արժանապատիվ, առողջ ու ակտիվ կյանքով՝ լիարժեք ներգրավված լինելով համայնքային ու հասարակական կյանքում»,- ողջունելով հյուրերին, նշեց ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը։ Նա հավելեց, որ ՀՀ կառավարության հետ կնքված հուշագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն ի սկզբանե պարտավորվել էր կատարել մոտ 270 մլն դրամի ներդրում, սակայն միայն վերանորոգման, կահավորման և տեխնիկական հագեցման աշխատանքների համար կատարվել է ավելի քան 600 մլն դրամի ներդրում։ Այս ամենից բացի, ազգային ընկերությունը իրականացրել է նաև աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակական դասընթացներ, որոնք միտված են խնամքի որակի բարձրացմանը։ Միջազգային փորձագետների կողմից մշակվել է խնամքի նոր մոդել, որն արդեն գործարկման փուլում է։
«Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնի հզորացումը մեզ համար շարունակում է մնալ առաջնահերթություններից մեկը։ Դեռևս առկա են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների կարիքներ»,- հավելեց Դավիթ Ներսիսյանը։

Անցած հինգ տարիների աշխատանքը միակողմանի չի եղել. այն հնարավոր է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։
«Այսօր միասին նշում ենք մի կարևոր իրադարձություն, որը խորհրդանշում է կառավարության հանձնառությունը՝ ապահովելու մեր ավագ սերնդի արժանապատիվ և լիարժեք կյանքը։ Այս կենտրոնը, որն արդիականացվել է վերջին տարիներին, ավելին է, քան պարզապես խնամքի վայր։ Դա մեր հարգանքի և երախտագիտության դրսևորումն է մեր ավագ սերնդի նկատմամբ, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով և նվիրումով կարևոր ներդրում են ունեցել մեր պետության կայացման գործում։ Սա նաև մեր պետության՝ խնամքի հաստատություններում կյանքի որակի բարելավման ստանդարտների սահմանման և դրանց հետևողական իրագործման մասին է։ Կառավարությունը խթանում է ակտիվ և արժանապատիվ ծերության գաղափարները։ Վստահ եմ, որ այս կենտրոնը կդառնա այնպիսի վայր, որտեղ տարեցները կկարողանան կիսվել իրենց փորձով, սովորել նոր հմտություններ ու շարունակել ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին»,- իր ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, միջազգային գործընկերներին` մասնակցության և ՀԿԽԸ-ին՝ տարիների արդյունավետ համագործակցության համար։
Օրվա ընթացքում Արսեն Թորոսյանն ու Դավիթ Ներսիսյանը ստորագրեցին համագործակցության նոր հուշագիր։
2020 թվականից սկսած՝ ՀՀ կառավարության որոշմամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնել է Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Դրանից հետո այն վերանվանվել է և դարձել Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոն։
Նշենք, որ կենտրոնը պետության կողմից՝ արտապատվիրակման եղանակով, շուրջօրյա խնամքի ծառայություններ է մատուցում տարեցների համար։ Կենտրոնում խնամք է ստանում 160 շահառու։ Մատուցվող ծառայությունները ներառում են՝ կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովված են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։