Իմ պատուհանից աշխարհն այսպիսին է. Նկարիչների միությունում բացվել է Գոռ Շահբազյանի անհատական ցուցահանդեսը
8 րոպեի ընթերցում

Նկարիչ, մանկավարժ Գոռ Շահբազյանի կտավներում երազն ու իրականությունն են, գեղեցկությունն է, միմյանց չկրկնող նրբագեղ կանայք են, ընդվզումն ու պայքարն են։ Նկարիչը երբեմն վառ, երբեմն մուգ ու սառը գույներով արվեստասերների առաջ բացում է իր հոգին, պատմում իրեն մտահոգող խնդիրների, աշխարհի լուսավոր ու մութ կողմերի մասին։

Շահբազյանը խոստովանում է՝ միշտ անկեղծ է և իր ստեղծագործություններում արտացոլում է ապրածն ու զգացածը։
Նկարչի ինքնատիպ արվեստն իր հարուստ գունապնակով այժմ ներկայացված է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված անհատական ցուցահանդեսում, որը բաց կլինի մինչև հոկտեմբերի 10-ը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահբազյանը հիշեցնում է՝ քառասունմեկ տարի դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Երկու տարի է՝ հեռացել է քոլեջից։ Դասավանդելու տարիներին չի կարողացել պատշաճ ժամանակ տրամադրել նկարելուն, այժմ լիարժեք տրվել է իր արվեստին ու ստեղծագործական բուռն գործունեություն է ծավալում։

«Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ կտավներ են ծնվել, որոնք պետք է ցուցադրվեին դեռ նախորդ տարի իմ 70-ամյակի առթիվ, սակայն ցուցադրությունը կայացավ այս տարի։ Ուրախ եմ, որ այն մի քիչ ուշացավ, որովհետև այդ ընթացքում հետաքրքիր աշխատանքներ ստեղծվեցին»,-նշում է նկարիչը։
Ինչպես ինքն է ասում, բազմաժանր ու բազմաոճ ստեղծագործող է. աշխատում է թե՛ դիմանկարի, թե՛ բնանկարի, թե՛ գրաֆիկայի և այլ ժանրերում։ Ունի հետաքրքիր քանդակներ, որոնք հույս ունի հաջորդ ցուցադրությանը ներկայացնել։
Անդրադառնալով իր կտավներում հաճախ հանդիպող պայքարին՝ Շահբազյանն ասում է՝ պայքարը հատկապես արտահայտված է ցուցահանդեսում տեղ գտած երկու կտավում։ «Կտավներից մեկում խաղաղ անցյալն է, երբ յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործով, մյուս կտավում այլ պատկեր է. սրինգ նվագող տղան դադարեցնում է նվագը, երաժշտությունը լռում է, որովհետև ֆոսֆորային ռումբեր են թափվում երկնքից։ Նկարները պատահաբար են իրար կողք կախել, բայց շատ լավ է ստացվել, որովհետև միմյանց հաջորդում են խաղաղությունն ու պատերազմը»,-մեկնաբանում է նա։

Շահբազյանը համամիտ չէ այն նկարիչների հետ, որոնք ժամանակի թելադրանքին համահունչ չեն մտածում։ Կարծում է՝ չի կարելի չանդրադառնալ այն ժամանակներին, իրադարձություններին, իրողություններին, որոնց բախվում ես։ Ե՛վ պատերազմը, և՛ խաղաղությունը պետք է արտացոլվեն նկարչության մեջ։ «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էի չանդրադառնալ պատերազմին, հատկապես այսքան զոհերից հետո։ Մարդիկ կան, որոնք ամբողջ կյանքում միայն կանանց են նկարում։ Ուրախ եմ, որ մտածող, կոմպոզիցիոն նկարիչ եմ։ Չեմ ցանկանում վարկաբեկել բնանկարի երկրպագուներին, բայց ուրախ եմ, որ միայն բնանկարով չեմ զբաղվում, չնայած՝ չի բացառվում, որ որոշակի դադարից հետո անդրադառնամ բնապատկերի ժանրին։ Ոմանք ցանկանում են իրենց տան պատերին միայն բնանկարներ կախված լինեն ու նախապատվությունը դրան են տալիս, ոչ թե կոմպոզիցիոն ստեղծագործությանը։ Ցանկանում են նստել բազկաթոռին ու հաճելի բնապատկերի նայել...իսկ իմ պատուհանից աշխարհն այսպիսին է»,-շեշտում է նկարիչը։
Առաջին հայացքից Շահբազյանի կտավներում գերակշռում են կարմիրը, դեղինը, կապույտը և այլ վառ գույներ, սակայն նրա նկարչության առանձնահատկությունները շեշտադրվում են նաև ավելի մուգ գույներով։ «Ցուցադրությունը սկսվում է մուգ գույներով։ Շատերն են կանգ առնում այդ կտավների առաջ ու խորհում դրանց շուրջ։ Ցուցադրությունը քիչ-քիչ ավելի լուսավոր է դառնում։ Չգիտեմ, թե ուր է տանելու հետագա ընթացքը. նկարիչը ոչ թե առաջնորդվում է բանականությամբ, այլ զգացմունքներով, հոգու ցանկությամբ»,-ընդգծում է Շահբազյանը։

Նա հիշեցնում է, որ գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեն ասել է, որ նկարում է այն, ինչ ինքն է ցանկանում ու զգում։ Շահբազյանը ևս այդ գաղափարախոսության կրողն է։
«Երբ «Ֆեյսբուք»-ի իմ հարթակում ներկայացրի իմ ստեղծագործությունները, նկարները բուռն արձագանքի արժանացան։ Որոշ արվեստասերների կարծիքով՝ դրանք տխուր են։ Համակերպվեցի այդ մտքի հետ։ Իրականում նկարներից շատերը, գուցե, իսկապես տխուր են, որովհետև ես այս ազգի ներկայացուցիչն եմ, տխուր եմ ապրել։ Չեմ կարող անմասն մնալ այդ ամենից ու միայն ծաղիկներ կամ կիսամերկ կանանց նկարել։ Երբ Կոմիտաս ենք ունկնդրում, նրա «Հորովել»-ը կամ «Հով արեք, սարեր ջան»-ը և այլ գործեր, ակամայից տխրում ենք ու փաստում, որ ոչ մի ազգ չունի նման երգեր։ Կոմիտասի հետնորդներից եմ, սիրում եմ Կոմիտաս ու ուզում եմ նրա պես մտածել։ Կոմիտասին չեմ նկարել, բայց երգում եմ Կոմիտաս։ Սայաթ-Նովայի գործերը ևս կատարում եմ։ Եթե նկարիչ չդառնայի, երգիչ կդառնայի»,-խոստովանում է Շահբազյանը։

Նրա կտավների առանձնահատուկ թեմաներից են խաչելությունը, գողգոթան։ «Յուրաքանչյուրս գերագույն պարգև է ստացել Աստծուց։ Աստված մեզ ստեղծել է նրա արարչագործությանը հավատարիմ մնալու համար»,-նշում է Գոռ Շահբազյանն ու հավելում՝ ամեն գրողի ստեղծագործության մեջ թաքնված բան կա։ Արվեստում ևս այդպես է։ Եթե նկարիչը միայն իրականությունը նկարի, ոչ ոքի համար դա հետաքրքիր չի լինի։
«Արվեստն ու իրականությունը տարբեր ծայրահեղություններ են և ատում են իրար։ Եթե ես Ձեզ նկարեմ շատ ճշմարտանման, միևնույնն է, նկարը չի կարող շնչել, արտաշնչել, աչքերը թարթել, ժպտալ, նշանակում է՝ անիմաստ է իրականությունը պատկերելը։ Պետք է նկարել մարդու էությունը։ Երբ Մոդիլիանին նկարում էր իր կնոջը՝ Ժաննային, այլ կերպ էր տեսնում նրան։ Նկարիչը պետք է տեսանելին դարձնի անտեսանելի և հակառակը»,-եզրափակում է արվեստագետը։

Գոռ Շահբազյանը ծնվել է 1953 թվականի մարտի 19-ին Երևանում։ Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Ավելի քան հիսուն տարի զբաղվում է գեղարվեստական կրթությամբ և ստեղծագործական գործունեությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք արտացոլում են հայկական մշակույթը, նրա զգացմունքային խորությունն ու անհատական ոճը։ Շահբազյանի աշխատանքները ներկայացվել են մի շարք միջազգային և տեղական ցուցահանդեսներում, ցուցադրվել են Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում ,Բարսելոնայում, Վարշավայում և այլուր։
