Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը նշել է, որ իր՝ Վաշինգտոն կատարած այցն ավելի է ամրապնդել թուրք-ամերիկյան հարաբերությունները, և կարևոր է քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության ոլորտում ամրապնդելու համար։
«Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում, մասնավորապես, Գազայում խաղաղություն ապահովելու համար և ողջունում է այս նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնությունները»,-նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։