Ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղության գործընթացին. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը լեհական հեռուստաալիքին
12 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Թուրքիայի հետ սահմանի բացմանը և մի շարք այլ կարևոր հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարության կայքում հրապարակված հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Բարև ձեզ և բարի գալուստ TVP World։ Ես Դիանա Սկայան եմ, և մենք գտնվում ենք Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Իմ այսօրվա հյուրն է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շատ շնորհակալություն, պարոն նախարար, որ այսօր մեզ հետ եք։
-Շնորհակալ եմ հրավերի համար:
-Այսպիսով, օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիրը։ Այդ ժամանակից ի վեր ի՞նչ առաջընթաց է գրանցվել:
-Իրոք, օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Հռչակագիրը, և այդ Հռչակագիրը ստորագրվեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա։ Եվ այդ Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ։ Նախ և առաջ նրանք ականատես եղան Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի և իմ կողմից Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։
Սա ինքնին շատ լուրջ հանգրվան էր։ Բացի այդ, այս Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Իսկ այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների անխախտելիություն, երկրների ինքնիշխանություն, ինչպես նաև անցուղիների և վերականգնվելիք ու վերագործարկվելիք ենթակառուցվածքների նկատմամբ ազգային իրավազորության ճանաչում։
-Սա ա՞յն է, ինչ կոչվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:
-Գաղափարը շատ ավելի լայն է, քան դա։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։
Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։
Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։
-Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ մենք հնարավորություն ունեցանք այցելելու դեպի սահման։ Նրանք մեզ ցույց տվեցին սահմանային շրջանները, լեռները։ Մենք տեսանք դա։ Բայց թույլ տվեք այս հարցը ուղղել Ձեզ, պարոն նախարար, ինչքան էլ այս հարցը բարդ լինի. կա՞ մոտավոր ժամանակացույց, թե երբ այս սահմանները, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը կբացվի ազատ տարանցման, ճանապարհորդությունների և այլնի համար։ Եվ արդյոք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին։ Քանի որ ես հիշում եմ, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն տրամադրել է 145 միլիոն տարբեր ծրագրերի համար։ Այսպիսով, ե՞րբ կարող ենք տեսնել ժամանակացույց:
-Տեսեք, ինչպես արդեն ասացի, մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։
Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է:
Կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի և իմ կողմից։ Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։
-Տասնամյակների հակամարտությունից հետո։
-Տասնամյակների հակամարտությունից հետո։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։
Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցներին՝ խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։
Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝ այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են։
-Ի՞նչ կասեք մարտահրավերների մասին։
-Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։
-Խոսելով ագրեսիվ հռետորաբանության մասին՝ թույլ տվեք հարցնել․ ի՞նչ դեր է այսօր շարունակում խաղալ Ռուսաստանը։ Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է։ Բայց արդյոք այն որևէ դեր շարունակում խաղալ Հայաստանի անվտանգության հարցում։ Թե՞ այլևս չունի այն նույն նշանակությունը, ինչ ուներ, օրինակ, 15 տարի առաջ։
-Գիտեք, խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։
-Ինչո՞ւ։ Լավ չէ՞ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արևմուտքի հետ և մերձենում Եվրոպային։
-Գուցե այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ձեր ռուսաստանյան հյուրերին, եթե լինեն այդպիսիք: Սակայն առանց խորանալու պատճառների մեջ, այդ պատճառները կարող են լինել և՛ պարզ, և՛ բավական բարդ, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ թե՛ մեր ռուս գործընկերները, և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ, և վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ մեր վարչապետի ղեկավարությամբ, ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս տարի ևս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։
-Մենք՝ TVP World-ում, հուսով ենք, որ կունենանք ևս մեկ հնարավորություն այցելելու Երևան՝ լուսաբանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Շնորհակալություն Ձեզ, պարո՛ն Միրզոյան, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում TVP World-ի եթերում մեզ հետ լինելու համար։ Ես Դիանա Սկայան եմ։ Շնորհակալություն մեզ միանալու և դիտելու համար։ Սա մեր հարցազրույցն էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։