Մշակույթ

Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան բացառիկ համերգով հանդես եկավ Երևանում

5 րոպեի ընթերցում

Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան բացառիկ համերգով հանդես եկավ Երևանում

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում կայացած համերգին կախարդական մեղեդիներով երաժշտասերների սրտերը նվաճեց Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։ 

Սպասված երեկոն տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Երաժիշտը հանդես եկավ «Հարգանքի տուրք Բախին» ծրագրով՝ կատարելով մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Հանդիսատեսն այնքան հիացած էր երաժշտի վարպետությամբ և ստեղծագործությունների գեղեցկությամբ, որ ծափերով Դյուբուային ստիպեց մի քանի անգամ բեմ վերադառնալ ու ևս մի քանի ստեղծագործություն նվագել։

«Հանդիսատեսը շատ հոգատար էր և շատ կենտրոնացած էր հետևում համերգին։ Նրանք ինձ հետ հավասար զգում էին երաժշտությունն ու հասկանում, թե ինչ եմ ցանկանում փոխանցել իրենց։ Հույս ունեմ, որ այս համերգը ևս կնպաստի նրան, որ մարդիկ շարունակեն մասնակցել երգեհոնային արվեստին նվիրված երեկոներին, որովհետև, երգեհոնը հազվագյուտ գործիք է, իսկ լեփ-լեցուն դահլիճը վկայում է այն մասին, որ ամեն բան դեռ առջևում է»,-համերգից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դյուբուան։

Երաժշտի համար շատ կարևոր է ունկնդրին տպավորել, մոտեցնել գեղեցիկ երաժշտությանն ու նրանց փոխանցել նաև իր զգացածը։

Վենսան Դյուբուան հեղինակավոր փառատոնների մրցանակակիր է և ակտիվ համերգային գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում:

Որպես մենակատար հանդես է գալիս Լոս Անջելեսի
ֆիլհարմոնիկ, Ֆիլադելֆիայի ֆիլհարմոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Հոնկոնգի ֆիլհարմոնիկ, Ռադիո-Ֆրանսիայի ֆիլհարմոնիկ, Ֆրանսիայի ազգային նվագախմբերում և Փարիզի անսամբլում, Գրան Կանարիայի ֆիլհարմոնիկ, Ֆրանսիայի կղզիների ազգային և Բազելի սիմֆոնիկ նվագախմբերում։ Երաժիշտը մասնակցել է Վանկուվերի, Բուդապեշտի, Շտուտգարտի, Մոնրեալի, Քեմբրիջի, Լիսաբոնի, Օտտավայի, Դրեզդենի, Մերզեբուրգի և այլ հեղինակավոր փառատոնների։

Անդրադառնալով համերգասրահներում և տաճարներում ելույթների առանձնահատկություններին և երգեհոնի հնչողությանը՝ Վենսան Դյուբուան նկատեց, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճի առաստաղը բավականին բարձր է, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե եկեղեցում է, երգեհոնը ևս շատ լավն է և չափերով համապատասխանում է դահլիճին։ «Երբ դահլիճում փորձ էի անում, թվում էր, թե եկեղեցում եմ, երբ եկավ հանդիսատեսը, հնչողությունը  մի քիչ փոխվեց, բայց ամեն բան հրաշալի էր»,-նշեց երգեհոնահարը։

Երբ Դյուբուան բեմ վերադարձավ բիսի համար, անակնկալ մատուցեց հանդիսատեսին՝ կատարելով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ը։ Երգեհոնով այն զարմանալի հնչեց։ Տպավորություն էր, որ մի ամբողջ նվագախումբ է բեմում։ Երգեհոնահարի խոսքով՝ Խաչատրյանը ոգեշնչող կոմպոզիտոր է և յուրահատուկ ստեղծագործություններ է հեղինակել։ «Երգեհոնը հնարավորություն տալիս է անգամ Խաչատրյան կատարել։ Հույս ունեմ, որ կարող ենք ավելին բացահայտել»,-եզրափակեց Վենսան Դյուբուան։

Երգեհոնահարի երևանյան մենահամերգն իրականացվեց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ:

Վահագն Ստամբոլցյանի
անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը կայցելի ոչ միայն Երևան, այլև Չարենցավան և Կապան։ Դյուբուայից բացի Հայաստան կժամանեն բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։

Կհնչեն դասական երգեհոնային ստեղծագործություններ, հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Փառատոնին, որն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սպասվում է տասը համերգ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում