Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ոչ մի փաստաթղթում չկա. վարչապետ

5 րոպեի ընթերցում

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ոչ մի փաստաթղթում չկա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցին և Ադրբեջանից հնչող «Զանգեզուրի միջանցք» տերմինի վերաբերյալ մտահոգություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց բարձրացրեց, թե ինչու են վարչապետի դիրքորոշումները տարածաշրջանային հաղորդուղիների վերաբացման մասին վերջին շրջանում կարծրացել։

Վարչապետն ընդգծեց, որ իր դիրքորոշումները չեն փոխվել. այն, ինչ արձանագրվել է Վաշինգտոնի փաստաթղթում, ըստ նրա, կառավարության քաղաքականությունն է և պետք է որքան հնարավոր է շտապ կյանքի կոչվի։ 

«Պետք է արձանագրեմ, որ ձեր հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումները չեն փոխվել․ դրանք չեն կարծրացել, չեն թուլացել։ Այն, ինչ արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, մեր քաղաքականությունն է, մեր կամքը, և մենք համոզված ենք, որ դա պետք է իրագործվի հնարավորինս շուտ։ Ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը հետևյալն է․ մենք ունենք ստորագրված և նախաստորագրված փաստաթղթեր, և երբ հնչում են արտահայտություններ, որոնք այդ փաստաթղթերում չկան, բնականաբար, հարց է առաջանում։ 

Օրինակ՝ օգտագործվում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Մենք բացում և կարդում ենք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը․ այնտեղ կա՞ նման արտահայտություն։ Չկա։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված։ Կա՞ այնտեղ նման արտահայտություն։ Չկա։ Երբևէ որևէ փաստաթղթում մենք ընդունե՞լ ենք նման ձևակերպում։ Չենք ընդունել։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչու է այն շրջանառվում։ Ես պարզ հարց տվեցի և ասացի, որ արժե հստակեցնել՝ որտեղի մասին է խոսքը։

Այս մասին ես խոսել եմ նաև Ազգային ժողովի ամբիոնից, որովհետև սա կարևոր նյուանս է։ Օրինակ՝ եթե Ադրբեջանում որոշում են որևէ ճանապարհ անվանել, ասենք՝ Հորադիզ-Զանգելան, պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է, թե՞ ոչ։

Ես ասում եմ՝ Հայաստանի պարագայում անունները որոշում է Հայաստանը, Ադրբեջանի պարագայում՝ Ադրբեջանը։ Եվ սա արձանագրված է փաստաթղթում, որովհետև մենք ճանաչել ենք միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։

Հետևաբար, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ փոփոխությունը տեղի է ունեցել խոսույթի մեջ, որովհետև օգոստոսի 8-ից հետո ենթադրվում է, որ մենք պետք է այլ կերպ մոտենանք հարցերին և այլ կերպ դիտարկենք դրանք»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ չնայած բառերի շուրջ վեճերին՝ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է և երկրի նպատակն է արագորեն նախաձեռնել ու իրականացնել այն ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք թույլ կտան բացել տարածաշրջանային կոմունիկացիաները՝ պահպանելով հինգ հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն և փոխադարձություն։

«Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և մալուխների նախագծումն ու կառուցումը։ Մենք պետք է նաև սկսենք երկաթուղու նախագծումը և դիտարկենք, թե որ ենթակառուցվածքներն են, որ անհրաժեշտ է վերաբացել։

Բայց ուզում եմ ընդգծել․ այս թղթում հստակ արձանագրված է հինգ սկզբունք։ Մենք ասել ենք, և նորից ասում ենք, որ պատրաստ ենք գնալ պարզեցումների, որպեսզի մաքսային և սահմանային հսկողությունները համապատասխանեն աշխարհի լավագույն ու ժամանակակից ստանդարտներին։ Սակայն այդ պարզեցումներն էլ սահմանափակված են հենց այդ հինգ սկզբունքով՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն և փոխադարձություն՝ ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար։

Մեր կամքը և վճռականությունը որևէ կերպ չի սասանվել։ Ընդհակառակը՝ ես հարց եմ բարձրացնում․ ինչո՞ւ պետք է բառերի շուրջ վեճ ստեղծենք։ Եկեք գործնականում իրագործենք այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք։ Մենք պատրաստ ենք դա անել և հենց այս պահին ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում