Տնտեսություն

Հայաստանը ատոմակայանի գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծման համար կշարունակի համագործակցել գործընկեր երկրների հետ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ատոմակայանի գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծման համար կշարունակի համագործակցել գործընկեր երկրների հետ. վարչապետ

Հայաստանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ՝ ատոմակայանի գործող էներգաբլոկի փոխարինման  օպտիմալ լուծում գտնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ–ում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը 2026թ–ից մինչև 2036թ. ամուր հիմք կդնի նախատեսվող նոր էներգաբլոկին սահուն անցնելու համար: 

«Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ–ի և գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծում գտնելու նպատակով՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը: Շահագործման ենթակա նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր ներգրավված մասնագետներին իրենց աշխատանքի համար:

Փաշինյանը կարևորեց նաև միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառությունները, ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը և կրթությունը: 

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում ՄԱԳԱՏԷ–ի և գործընկեր երկրների կողմից տրամադրվող աջակցությունը, փորձագիտական օգնությունը, գիտելիքները և առաջարկությունները, որոնք կենսական դեր են խաղում մեր երկրում այս ոլորտների զարգացման գործում: Հուսով ենք, որ մեր միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խաղաղ ատոմի օգտագործման ոլորտում, կշարունակի զարգանալ և ամրապնդվել»,–ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ միասին հնարավոր է կայուն ապագա ստեղծել երկրների համար՝ ջանքերը կենտրոնացնելով նոր տեխնոլոգիաների մշակման, անվտանգության մակարդակի բարձրացման և շրջակա միջավայրի պահպանության վրա:  

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում