Քաղաքականություն

Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, բարեկամական խմբի անդամներ Սիսակ Գաբրիելյանը, Ալխաս Ղազարյանը, Մարինա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը, Գեղամ Մանուկյանը եւ Գեղամ Նազարյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակության հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը։ 

Ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը կարեւորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների  զարգացումը: Նա հույս է հայտնել, որ Աթանաս Զաֆիրովն իր նոր պաշտոնում կնպաստի Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրաշրջանառության ավելացմանը եւ ներդրումների աշխուժացմանը:

Բաբկեն Թունյանը կարեւորել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ նշել է, որ երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը համագործակցության լայն դաշտ են բացում երկու երկրների գործարար կապերի զարգացման համար:

Աթանաս Զաֆիրովն իր խոսքում ընդգծել է Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ երեսնամյա բարեկամությունը եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը: 

Նա վերահաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը Հայաստանին աջակցելու հարցում՝ եվրաինտեգրման գործընթացից մինչեւ էներգետիկա եւ այլ ոլորտներ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունը, եւ այդ համատեքստում՝ վիզաների ազատականացման գործընթացը, որը կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը:

Կարեւորվել է նաեւ մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, ավիափոխադրումերի եւ այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում