Անտվերպենում Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
1 րոպեի ընթերցում

Անտվերպենի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու նախաձեռնությամբ և հայկական համայնքի նվիրյալ անդամների ջանքերով սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, չնայած անբարենպաստ եղանակին, կիրակնօրյա պատարագից հետո կազմակերպվեց բարձր տոնական տրամադրությամբ համերգ՝ լեցուն հայկական ոգով ու շնչով։ Միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը, Անտվերպենի և հարակից շրջանների հայ համայնքի անդամներ, ինչպես նաև օտարազգի հյուրեր։
Միջոցառումը սկսվել է Հայր Սուրբ Տիրայր Վարդապետ Հակոբյանի հանրապետական մաղթանքով.
«Անկախությունը մեր ոգու մեջ է։ Մենք անկախ ենք եղել անգամ այն ժամանակ, երբ փաստացի անկախություն չենք ունեցել, և անկախ կմնանք միշտ»,-իր խոսքում նշել է Հայր Սուրբը։
Տոնական համերգին հանդես եկան եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, Յենոք և Նեմրութ պարային խմբերը։ Քանոնահարուհի Նարե Խորենին, կիթառահար Համլետ Խոդադադյանը, դուդուկահար Անդրանիկ Վարդանյանը հայկական մեղեդիներով, իսկ Արուսյակ Արզումանյանն իր ասմունքով ջերմացրին հանդիսատեսի սրտերը։
